Կանադան կասեցրել է թուրքական ընկերություններին ռազմական արտադրանքի տրամադրումը

13-04-2021 16:32:56   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն



ՀՅԴ Կանադայի Հայ դատի հանձնախմբի ջանքերով` Կանադան կասեցրել է թուրքական ընկերություններին տրամադրված ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերը: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակից։ 

Ապրիլի 12-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնեաուն հայտարարություն է տարածել, ըստ որի` ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննության ավարտից հետո, կանադական կառավարությունունը դադարեցնում է կանադական ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։
 
Կանադայի արտգործնախարարը փաստված է համարել Թուրքիայի կողմից կանադական տեխնոլոգիաների կիրառումը ղարաբաղյան պատերազմի ընթացքում և կասեցրել Թուրքիա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման գործող արտոնագրերը։ Մասնավորապես խոսքը գնում է «Բայրակթար» անօդաչուների տեղորոշման և տեսանկարահանման կանադական Wescam համակարգերի մասին, որոնք առանցքային նշանակություն ունեն անօդաչու սարքի
համար։
 
Թուրքիային ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի հետ կապված հարցերը մշտապես եղել են ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Խնդիրը կանադական հասարակական-քաղաքական շրջանակներում սկսեց քննարկվել դեռևս 2019թ․ աշնանը, երբ կանադական կողմը, Հյուսիսային Սիրիա թուրքական ուժերի ներխուժմամբ պայմանավորված, կասեցրեց հատուկ նշանակության ռազմական արտադրանքի վաճառքը Թուրքիային։ Սակայն, Թուրքիան, վարձելով կանադական լոբբիստական կազմակերպությունների, 2020թ․ առաջին կեսին մոլորության մեջ  գցեց կանադական կառավարությանը՝ հավաստիացնելով, թե «Բայրակթար» անօդաչուների համար անհրաժեշտ կանադական համակարգերը չեն կիրառվելու հարվածային անօդաչուների պատրաստման ժամանակ, այլ բացառապես օգտագործվելու են Սիրիայում թուրքահպատակ բնակչության պաշտպանության համար։
 
Կանադայի կառավարության կողմից նման որոշման ընդունումը ռազմաքաղաքական ապտակ է թուրքական պետությանը։ Աշխարհում մեծ չէ այն պետությունների թիվը, որոնք Թուրքիայի նկատմամբ ռազմական արտադրանքի վաճառքի արգելք/կասեցում ունեն, բացի այդ Կանադան ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից է և Թուրքիայի համար ռազմական նշանակության արտադրանքի ձեռք
բերման առաջնային շուկաներից մեկը։ Հատկանշական է, որ Թուրքիայի կողմից ձեռքբերված կանադական ռազմական արտադրանքի ճնշող մեծամասնությունը ներառում է հենց Wescam-ի արտադրանքը։ Այսպիսով, այս կասեցումից հետո, ռազմարդյունաբերության ոլորտում, գրեթե ի սպառ խզվում են թուրք-կանադական առևտրային հարաբերությունները։ Բացի այդ, կանադական հասարակական-քաղաքական շրջանակներում, խիստ դժգոհության առիթ է տվել այն հանգամանքը, որ, ըստ էության, Թուրքիան խաբեությամբ է ձեռք բերել կանադական առաջատար տեխնոլոգիաները։
 
Խիստ տարակուսելի է, որ Կանադայի արտգործնախարարության կողմից հրապարակված հետաքննության մեջ գրված է. «Կանադան դիմել է Հայաստանին` տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օժանդակել «Բայրակթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման փաստին, սակայն Հայաստանի իշխանությունները նման տեղեկատվություն չեն տրամադրել», փաստորեն հետաքննության ընթացքում չօժանդակոլով կանադական իշխանություններին։
 
ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է ջանքերը` հասնելու Թուրքիայի նկատմամբ Կանադայի կողմից ռազմական նշանակության ցանկացած արտադրանքի վաճառքի արգելքին։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 84 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար