Ճապոնիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը


Ճապոնիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը

  • 18-05-2021 18:35:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ մայիսի 18-ին, ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար  Անդրանիկ Փիլոյանն ընդունել է  Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին՝ Ա. Փիլոյանը դեսպանին  շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում երկու երկրների համագործակցությունը կշարունակվի, և նոր ձեռքբերումներ կարձանագրվեն, տեղեկանում ենք ԱԻՆ-ից:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված  բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարևորությունը:  Ա. Փիլոյանը երախտագիտություն է հայտնել  Ճապոնիայի հետ արդյունավետ համագործակցության առումով և շեշտել, որ Ճապոնիայի կառավարությունը  գնահատելի  ներդրում  է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ տարբեր բնույթի ճգնաժամերի դեպքում քաղաքացիական դիմակայունության կարողությունների, Փրկարարական ծառայության   տեխնիկական հնարավորությունների զարգացման հարցում: Հատկապես սերտ է համատեղ աշխատանքը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency (JICA)) հետ:
 
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է համագործակցությունը նշված ուղղություններով  և  պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանը նաև այլ ոլորտներում՝ մարդասիրական ծրագրերից մինչև առևտրատնտեսական  և  մշակութային:   Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում  միասին այցելել  Սպիտակ քաղաք, որի  կենտրոնական պուրակում 2013թ.-ին տեղադրվել էր խաչքար՝ ի հիշատակ Ճապոնիայի երկրաշարժի զոհերի:
 «Հայ և ճապոնացի ժողովուրդներն այս առումով բախտակից են, մենք ապրել ենք նույն  ողբերգությունը և այդ խաչքարը մեր ժողովուրդների բարեկամության  խորհրդանիշն է»,- ասել է դեսպան Մասանորին:
 
 Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play