Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները կառուցված են դարերի ամուր հիմքերի վրա. նախագահ Սարգսյանը՝ նորանշանակ դեսպանին


Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները կառուցված են դարերի ամուր հիմքերի վրա. նախագահ Սարգսյանը՝ նորանշանակ դեսպանին

  • 07-06-2021 18:47:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից: 
 
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահն ասել է, որ ակնկալում է համատեղ ակտիվ աշխատանք՝ ընդլայնելու և հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը:
 
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները կառուցված են դարերի ամուր հիմքերի վրա, երկու երկրներն ու ժողովուրդները նման են իրենց արժեհամակարգերով:
 
Դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն Հայաստանի նախագահին է փոխանցել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա ասել է, որ պատրաստ է առավել մեծ ջանքեր ներդնել երկու երկրների ավանդական բարեկամական հարաբերությունները տարբեր ոլորտներում առաջ մղելու ուղղությամբ:
 
Կարևորելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախատեսվող պետական այցն Իտալիա, որը հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով, դեսպանը վստահություն է հայտնել, որ այն մեծ խթան ու նոր սկիզբ կհանդիսանա երկկողմ փոխգործակցության ընդլայնման համար:
 
Հայաստանի նախագահը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակին և զարգացման ներուժին: Ընդգծվել են մասնավորապես առևտրատնտեսական, տեխնոլոգիական, գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցության մեծ հնարավորությունները:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play