Հանրայինում այսօր նախընտրական բանավեճի 2-րդ մասն է․ ովքե՞ր են ընդունել բանավիճելու հրավերը

17-06-2021 19:27:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Հայկական ժամանակը հայտնում է. «Հանրային հեռուստաընկերության երեկոյան եթերում՝ ժամը 22:00-ին այսօր տեղի կունենա հունիսի 20-ին անցկացվելիք ընտրություններին մասնակից քաղաքական 13 ուժերի առաջին համարների միջեւ բանավեճը:
 
Առաջին 13 ուժերի 1-ին համարների բանավեճը երեկ էր, սակայն  դրան մասնակցեց ընդամենը 5 քաղաքական ուժի ներկայացուցիչ, որոնցից մեկը՝ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ղեկավարը բանավեճի հենց սկզբից հայտարարությամբ հանդես եկավ եւ լքեց տաղավարը:
 
Այսօրվա բանավեճին հրավիրված են Հայաստանի 3-րդ հանրապետության բոլոր ղեկավարների առաջնորդած քաղաքական ուժերը, այդ թվում գործող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Թե նրանցից ովքեր են ընդունել բանավեճի հրավերը՝ փորձել ենք պարզել բանավեճից ժամեր առաջ:
 
Այսպիսով, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանից տեղեկացանք, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանն այսօրվա բանավեճին չի գնա:
 
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը մեր զրույցում հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը եւս չի պատրաստվում մասնակցել բանավեճին:
 
Պատճառն, ըստ Վարդեւանյանի, նախ այն է, որ Հանրային հեռուսատաընկերությունը ցենզուրա է իրականացրել ընդդիմադիր ուժերի նկատմամբ: «Իսկ ինչ վերաբերում է բովանդակային բանավեճին, ապա ես նորից պետք է կրկնեմ, որ հայրենիք ազատագրող, անվտանգություն ապահովող, տնտեսություն զարգացնող առաջնորդը՝
ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, որեւէ բանավիճելու առարկա չունի հայրենիք հանձնած, կապիտուկլյացիոն փաստաթուղթ ստորագրած անձի հետ»,- հավելեց նա: Մեր դիտարկմանը, որ բանավեճին 13 ուժի ներկայացուցիչ է հրավիրված, Վարդեւանյանը հավելեց, որ իրենց դիրքորոշումը նույնն է:
 
Սերժ Սարգսյանի անուղղակի գլխավորությամբ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համարը եւս բանավեճի չի գնա: Մեզ հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:
 
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդին, ապա նրա մասնակցության վերաբերյալ տեղեկությունը չհաջողվեց ճշտել
:
 
Այսօր բանավեճի են հրավիրվել նաեւ խորհրդարանական 2 ընդդիմադիր ուժերի առաջնորդները: Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը հարցը լսելուց հետո անջատեց հեռախոսը, ուստի մեզ չհաջողվեց մասնակցության վերաբերյալ տեղեկությունը ճշտել:
 
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանից տեղեկացանք, որ կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Էդմոն Մարուքյանը կմասնակցի բանավեճին:
 
Այսօրվա հրավիրյալների թվում է նաեւ «Հանրապետություն»  կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանից տեղեկացանք, որ Սարգսյանը մասնակցելու է բանավեճին:
 
Մեկ այլ Արամ Սարգսյան, այս անգամ «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» առաջին համարը մեզ հայտնեց. «Այո, ընդունել եմ բանավեճի հրավերը եւ գնալու եմ մասնակցելու»:
 
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը եւս կմասնակցի բանավեճին: Շարժման ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը մեր զրույցում հայտնելով այս տեղեկությունը՝ հավելեց. «Պարտադիր մասնակցելու է եւ կոչ է անում բոլորին՝ մասնակցել դեբատներին»:
 
Բանավեճին մասնակցելու հրավերն ընդունել է նաեւ «Հայոց հայրենիք» կուսակցության առաջին համարը՝ Արտակ Գալստյանը:
 
«Ազատ Հայրենիք» դաշինքի առաջին համար Միքայել Հայրապետեանը հավանաբար չի մասնակցի բանավեճին: Դաշինքի խորհուրդը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ համարում է, որ բանավեճին պետք է մասնակցի վարչապետի իրենց թեկնածու Անդրաիաս Ղուկասյանը, սակայն Հանրայինից պատասխան են ստացել, որ բանավեճի են հրավիրվում առաջին համարները: Խտրական համարելով այս մոտեցումը՝ «Ազատ Հայրենիքը» պնդել է, որ բանավեճին մասնակցելու համար լիազորում են միայն Անդրիաս Ղուկասյանին:
 
«Ազատություն» կուսակցության առաջին համար Հրանտ Բագրատյանի մասնակցության վերաբերյալ տեղեկությունը ճշտել չհաջողվեց:
 
«Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցության առաջին համարը ներկայացնող Խաչիկ Ասրյանը ընդգրկված է այսօր բանավիճողների ցանկում, սակայն հաշվի առնելով, որ ինքնաբացարկ է հայտնել, բանավեճին չի հրավիրվել: Մեր զրույցում Ասրյանն ասաց, որ շատ կցանկանար բանավեճին մասնակցել, բայց հրավեր չի ստացել:
 
Հիշեցնենք, Հանրայինից երեկ մեզ հայտնել էին, որ ընտրություններին մասնակցող 26 ուժերին բանավեճի են հրավիրել երկու խմբով: Պատճառն այն է, որ տաղավարում ընդամենը 13 մասնակից է տեղավորվում:
 
Հեռուստաընկերությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ բաժանման համար որպես սկզբունք ընտրել են այն հանգամանքը, թե տվյալ ուժը Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում երբ է գրանցվել: Ամենահին ուժերի առաջնորդները բանավիճեցին երեկ, իսկ համեմատաբար նոր ստեղծվածները՝ այսօր»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 316 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար