Մարգարեթ Սեկագիան հուսով է, որ իր զեկույցը կնպաստի<br /> Հայաստանի կառավարության եւ իրավապաշտպանների միջեւ<br /> հարաբերությունների բարելավմանը<br />


Մարգարեթ Սեկագիան հուսով է, որ իր զեկույցը կնպաստի
Հայաստանի կառավարության եւ իրավապաշտպանների միջեւ
հարաբերությունների բարելավմանը

  • 18-06-2010 20:52:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտելով Հայաստան կատարած իր քառօրյա այցելությունը, Իրավապաշտպանների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան հրապարակել է հետեւյալ հայտարարությունը. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը 2010թ. հունիսի 14-18-ին ինձ հրավիրելու եւ փաստահավաք առաքելություն անցկացնելու եւ դրա ընթացքում ցուցաբերած համագործակցության համար: Ես հանդիպեցի վարչապետի եւ գործադիր իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների, Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների նախագահների, խորհրդարանի անդամների եւ ոստիկանության պետի տեղակալի հետ: Ես նաեւ հանդիպումներ ունեցա Երեւանում ՄԱԿ-ի գործակալությունների, նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության լայն եւ բազմազան շերտերի հետ: Շնորհակալ եմ իմ բոլոր զրուցակիցներին իրենց փորձը ինձ հետ կիսելու պատրաստակամության համար: Ցանկանում եմ նաեւ իր երախտագիտությունը հայտնել մշտական համակարգողին եւ երկրում ՄԱԿ-ի ամբողջ թիմին իրենց ցուցաբերած օժանդակության համար: Ողջունելով Հայաստանի հանձնառությունը մարդու իրավունքների նկատմամբ հարգանք ապահովելու գործում, ինչի մասին վկայում է մարդու իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային փաստաթղթերի վավերացումը, միեւնույն ժամանակ փաստում եմ, որ առկա են նաեւ Հայաստանի կառավարության եւ իրավապահ մարմինների առջեւ ծառացած մարտահրավերներ: Թեպետ ժամանակ կպահանջվի ինձ հասու դարձած տեղեկատվության մեծ ծավալը ուսումնասիրելու եւ վերլուծելու եւ ՀՀ կառավարության, իրավապապաշտպանների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ ստացված տեղեկատվության վերաբերյալ հետագա խորհրդափոխանակության համար, կցանկանայի ներկայացնել մի շարք նախնական դիտողություններ եւ առաջարկներ: Կցանկանայի կրկնել ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած իմ խնդրանքը` բարգավաճող, բազմակարծիք եւ ժողովրդավարական հասարակություն ունենալու համար իրավապաշտպանների դերակատարումը եւ կարեւորությունը հրապարակավ ընդունելու վերաբերյալ: Գոհունակություն հայտնելով կառավարությանը` Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ստեղծելու եւ Մարդու իրավունքների պաշտպանին` ցայսօր կատարված աշխատանքի կապակցությամբ, կոչ եմ անում կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը եւ ՄԻՊ գրասենյակին ճանաչել մարդու իրավունքների պաշտպանի հայ հասարակության մեջ կարեւոր դերակատարումը: Որպես օրինակ, նման դերակատարման հեռանկարային կարեւորության մասին է վկայում ՀԿ-ների մասին օրենքում փոփոխությունների եւ լրացումների դեմ քաղհասարակության ջանքերին ցուցաբերած աջակցությունը: Այս կապակցությամբ հորդորում եմ կառավարությանը եւս մեկ անգամ անդրադառնալ ՀԿ-ների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությանը: Միեւնույն ժամանակ կցանկանայի շեշտել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հասու ֆինանսական եւ նյութական միջոցների ավելացման կարեւորությունը` լիազորություններն առավել արդյունավետ կերպով իրականացնելու համար: Անհրաժեշտ է նաեւ վերջինիս գրասենյակում հնարավորին չափ արագ սահմանել իրավապաշտպանների գործերով հատուկ հարթակ եւ պաշտոն: Մտահոգություն են առաջացնում Հայաստանում խաղաղ հավաքների ազատության լուրջ սահմանափակումները: Թեպետ իշխանությունների կողմից սահմանված կարգավորումն օրինական է, ստացել եմ տեղեկություններ իրավապահ մարմինների կողմից անհարկի եւ կամայական սահմանափակումներ կիրառելու մասին: Ժողովրդավարական հասարակությունում խաղաղ, բաց եւ հրապարակային ցույցեր անցկացնելու իրավունքը պետք է հասու լինի բոլոր անհատներին` առանց անհարկի սահմանափակումների: Նշում եմ նաեւ հաղորդումներն այն սահմանափակումների մասին, որոնք հանդիպում են ոչ բացօդյա ժողովների` հանդիպումների եւ կոնֆերանսների, համար տարածք պատվիրելիս եւ որոնց հարցում իրավապաշտպանները բախվում են դժվարությունների: Ինձ մտահոգում են նաեւ հավաքների ազատության անդրադարձերը Հայաստանում ընտրությունների համատեքստում: Ինչպես արդեն նշել եմ իրավապաշտպանների անվտանգությանն ու պաշտպանությանը նվիրված իմ վերջին թեմատիկ զեկույցում, որը ներկայացվել էր Մարդու իրավունքների խորհրդին 2010թ.-ի մարտին, ընտրությունների նախօրեին, ընթացքում եւ դրանցից հետո հաճախ լարվածություն է առաջանում, որը կարող է հանգեցնել մարդու իրավունքների լուրջ եւ մտահոգրչ խախտումների` լրջորեն անդրադառնալով քաղաքացիական հասարակության անվտանգությանը: Այս կապակցությամբ, ուզում եմ հիշեցնել, որ ըստ քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի դրույթների, յուրաքանչյուր ոք իրավունք ունի, առանց խտրականության, արդյունավետ մասնակցել պետական գործերին, ինչը ներառնում է քննադատություն արտահայտելու եւ առաջարկներ ներկայացնելու իրավունքը հանուն պետական մարմինների, գործակալությունների եւ այլ հաստատությունների գործունեության բարելավման: Այսօրինակ մասնակցությանը օժանդակում է արտահայտման, ժողովների եւ միությունների ազատության իրականացումը: Դատելով իմ ստացած տեղեկություններից, իրավապաշտպանները եւ մասնավորապես լրագրողները, արտահայտման ազատության իրենց իրավունքն իրականացնելիս բախվում են ֆիզիկական ռիսկերի ենթարկվելու հնարավորությանը: Որպես հետեւանք, Հայաստանում, ըստ ամենայնի, տարածվում է ինքնագրաքննությունը: Ցանկանում եմ իմ ձայնը միացնել նրանց, ովքեր արդեն լուրջ մտահոգություններ են արտահայտել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների եւ լրացումների կապակցությամբ: Նախագահի կողմից ստորագրվելու դեպքում այս լրացումներն ու փոփոխությունները է'լ ավելի կսահմանափակեն եւ լրջորեն կխոչընդոտեն հայ հասակարությանը հասանելի ձայների եւ կարծիքների բազմազանությանը: Վերը նշված իրավունքների իրականացման առումով անհանգստացած եմ իրավապաշտպանների, մասնավորապես լրագրողների նկատմամբ բռնության, հարձակումների, սպառնալիքների, հետապնդումների փաստագրված դեպքերի կապակցությամբ: Այս դեպքերն ի ցույց են դնում Հայաստանում անպատժելիության մթնոլորտի ակնհայտ առկայությունը, որը խոչընդոտում է իրավապաշտպանների աշխատանքը: Այսօրինակ անպատժելիությունը, ըստ ամենայնի, սերտորեն առնչվում է ոստիկանության համակարգում արմատավորված խնդիրներին եւ դատական համակարգի անկախության պակասին: Այս կապակցությամբ ցանկանում են ընդգծել, որ անհրաժեշտ է իրականացնել մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերի, մասնավորապես` լրագրողների հանդեպ հարձակումների, արագ, հանգամանալից եւ թափանցիկ հետաքննություն` նպատակ ունենալով ստեղծել ապահով եւ նպաստող միջավայր, որում իրավապաշտպանները կծավալեն իրենց գործունեությունը: Այդօրինակ խախտումների մի օրինակ է այն, որ 2008թ.-ի նախագահական ընտրություններին հաջորդած ողբերգական դեպքերն ու սպանությունները չեն քննվել: Հետաքննությունը պետք է նախաձեռնվի նպատակ ունենալով իմաստավորված եւ արդյունավետ հետապնդում նախաձեռնել, ըստ միջազգային իրավական չափանիշների, ներառյալ` Իրավապաշտպանների վեաբերյալ ՄԱԿ-ի հռչակագիրը: Ողջունելով արդեն իսկ նախաձեռնված ջանքերը, ցանկանում եմ շեշտել, որ անհրաժեշտ է որոշումներ ընդունելու գործընթացում լիարժեք խորհրդակցել եւ ներառնել քաղաքացիական հասարակության եւ իրավապաշտպանների տեսակետները, ներառյալ օրենսդիր, համազգային քաղաքականությունների մշակման, Խոշտանգումների դեմ կոնվենցիայի կամընտիր արձանագրության ներքո գործող կանխարգելիչ ազգային մեխանիզմի եւ տարածաշրջանային ու միջազգային մարդու իրավունքների մեխանիզմներին զեկուցելու գործում: Հորդորում եմ թե' իշխանություններին, եւ թե' քաղաքացիական հասարակությանը ծավալել կառուցողական երկխոսություն` երկրի ժողովրդավարական զարգացման համար առանցքային կարեւորություն ունեցող հարցերի շուրջ: Մասնավորապես, կարեւոր եմ համարում, որ իրավապաշտպանների յուրահատուկ կարիքները, ներառյալ` կանանց եւ սեռական փոքրամասնությունների (LGBT) իրավապաշտպաններինները, արտացոլվեն Մարդու իրավունքների ազգային գործողությունների ծրագրում: Ավելին, ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի մասնակցությունը Համընդհանուր պարբերական վերանայման գործընթացում լավ առիթ է ընձեռում քաղաքացիական հասարակության ներառման համար Հայաստանի գնահատման շրջանակներում երկրի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացմանը հետեւելու շարունակական եւ կայուն գործընթացում: Հուսով եմ, որ իմ այցելությունը եւ պատրաստվելիք զեկույցը կնպաստեն կառավարության եւ իրավապաշտպանների միջեւ երկխոսության եւ հարաբերությունների բարելավմանը: Վստահություն կառուցելն ու երկխոսություն խթանելը բազմակողմ գործընթաց է, որը բոլոր կողմերից պահանջում է համագործակցության կամք եւ փոխադարձ հարգանք: Նախնական առաջարկներ. Ելնելով մինչ այժմ ձեւավորված իմ կարծիքից, ցանկանում եմ կատարել հետեւյալ առաջարկները: Անհրաժեշտ է. Հրապարակայնորեն ընդունել իրավապաշտպանների դերը եւ կարեւորությունը բարգավաճ, բազմակարծությամբ ժողովրդավարական հասարակության մեջ: Կառուցել վստահություն եւ քաջալերել երկխոսություն, հենվելով բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցության եւ փոխադարձ հարգանքի հանուն քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների հզորացման, որպեսզի վերջիններս ժողովրդավարական գործընթացում իմաստալից դեր խաղան: Երաշխավորել ոչ խտրական հիմքերով արդյունավետ մասնակցություն պետական գործերին, որը ներառում է քննադատություն արտահայտելու եւ առաջարկներ ներկայացնելու իրավունքը հանուն պետական մարմինների, գործակալությունների եւ այլ հաստատությունների գործունեության բարելավման: Որոշումներ ընդունելու գործընթացում լիարժեք խորհրդակցել եւ հաշվի առնել քաղաքացիական հասարակության եւ իրավապաշտպանների տեսակետները, ներառյալ օրենսդիր, համազգային քաղաքականությունների մշակման եւ մարդու իրավունքների տարածաշրջանային ու միջազգային մեխանիզմներին զեկուցելու գործում: Ներառել քաղաքացիական հասարակությունը Համընդհանուր Պարբերական Վերանայման գործընթացում Հայաստանի գնահատման շրջանակներում կատարված առաջարկների իրականացմանը հետեւելու շարունակական եւ կայուն գործընթացում: Մարդու իրավունքների ազգային ծրագրում անդրադառնալ իրավապաշտպանների հատուկ կարիքներին, ներառյալ` կանանց եւ սեռական փոքրամասնությունների (LGBT) իրավապաշտպաններինը: Երաշխավորել, որ գոյություն ունեցող օրենքները եւ կանոնակարգերը լիակատար, ժամանակին եւ արդյունավետ իրավակիրարկվում են ըստ Հայաստանի միջազգային պարտավորությունների: Սույն պարտավորությունը վերաբերում է նաեւ ՏԻՄ-երին: Երաշխավորել, որ խաղաղ, բաց եւ հրապարակային ցույցերի իրավունքը ազատորեն օգտագործվի բոլոր անհատների կողմից` առանց անհարկի սահմանափակումների: Անցկացնել արագ, հանգամանալից եւ թափանցիկ հետաքննություն մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերի, մասնավորապես` լրագրողների վրա հարձակումների, նպատակ ունենալով ստեղծել ապահով եւ նպաստող միջավայր, որում իրավապաշտպանները կծավալեն իրենց գործունեությունը: Երաշխավորել, որ հետաքննությունը իրականացվում է նպատակ ունենալով իմաստավորված եւ արդյունավետ հետապնդում նախաձեռնել, ըստ միջազգային իրավական չափանիշների, ներառյալ` Իրավապաշտպանների վեաբերյալ ՄԱԿ-ի հռչակագիրը: Ոստիկանությունում իրականացնել համապարփակ բարեփոխումների ծրագիր, անմիջապես քայլեր ձեռնարկել դատաիրավական համակարգի լիակատար անկախությունն ապահովելու ուղղությամբ եւ բարեփոխել արդարադատության իրականացումը: Սա պետք է իրականացվի ընդարձակ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը զուգընթաց, որպեսզի ապահովվի պետական կառույցների ընդհաշվետվությունը: Ճանաչել Հայաստանի հասարակությունում Մարդու իրավունքների պաշտպանի, որպես կարեւոր դերակատարի, նշանակությունը: Հզորացնել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ֆինանսական եւ նյութական ապահովությունը, վերջինիս կողմից իր մանդատն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով: Հնարավորինս արագ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում հաստատել իրավապաշտպանների համար նախատեսված հատուկ հարթակ (պատասխանատու): Վերանայել հասարակական կազմակերպությունների օրենքում նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների նպատակահարմարությունը: Հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքում առաջարկված փոփոխություններում եւ լրացումներում լիարժեք կերպով արտացոլել քաղհասարակության եւ միջազգային փորձագետների կարծիքները: Ծավալել քաղաքացիական իրազեկության եւ մարդու իրավունքների կրթական ծրագրեր, նպատակ ունենալով խթանել հանդուրժողականությունը եւ հարգանքը մարդու իրավունքների հանդեպ, ինչպես նաեւ` երաշխավորել անձի արժանապատվությունը եւ հարգանքը նրա հանդեպ: Հայերեն թարգմանել եւ լայնորեն տարածել Իրավապաշտպանների վեաբերյալ ՄԱԿ-ի հռչակագիրը: Առաջարկում եմ նաեւ, որ միջազգային հանրությունը ավելի արդյունավետ համագործակցի եւ համակարգի քաղաքացիական հասարակությանը օժանդակելու իր ջանքերը, որոնք ուղղված են ամուր ցանցերի եւ կոալիցիաների զորացմանը, ունակությունների զարգացմանը, եւ խթանի միասնությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նյութերի շուրջ»: Իրավապաշտպանների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան իր զեկույցը կներկայացնի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 16-րդ նիստում` 2011թ.-ի մարտին, եւ լրացուցիչ առաջարկներ կներկայացնի կառավարության եւ այլ շահագրգիռ կողմերի ուշադրությանը:
Նոյյան տապան  -   Իրավունք