Հարցազրույց հայագետ Մաքսիմ Եվադյանի հետ


Հարցազրույց հայագետ Մաքսիմ Եվադյանի հետ

  • 02-06-2010 14:30:00   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Օրերս ՀՀ սփյուռքի նախարարության հյուրն էր ֆրանսահայ «Սուրսդ դ` Աղմենի» մշակութային միության նախագահ Մաքսիմ Եվադյանը: Միության 50 անդամները, ովքեր հիմնականում հայեր են, զբաղվում են հայագիտության հիմնախնդիրներով: Միության նախագահը սիրով պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին: - Ո՞րտեղից եք արմատներով: - Իմ պապերը Ցեղասպանություն վերապրած մշեցիներ եւ խարբերդցիներ են: Իմ ծնողներից շատ էի լսել հայ ժողովրդի մասին: Իմ կարդացած աշխարհի ժողովուրդների պատմության առաջին գրքում հայերի եւ Հայաստանի մասին ոչինչ չկար գրված: Ժամանակ անց կարդացի հայերեն գրքեր, ծանոթացա հայ ժողովրդի հարուստ պատմությանը եւ մշակույթին: Համեմատեցի միեւնույն ժամանակաշրջանը ներկայացնող հայերեն եւ օտար լեզուներով գրքերը, հասկացա, որ դրանցից մեկում փաստերը ճիշտ չեն ներկայացված, մտածեցի, որ հայերն են սխալվել: Կարդացի շատ գրքեր, ուսումնասիրեցի տարբեր գրականություն ու համոզվեցի, որ սխալվել էին օտարները: Ու իմ առջեւ խնդիր դրեցի` փաստերով ապացուցել, որ օտար լեզուներով տպագրված շատ պատմական փաստեր կեղծված են, ճիշտ չեն ներկայացված, եւ իսկապես հայերն աշխարհի հնագույն ժողովուրդներից են ու շատ ազգերի պատմությունները խաչվում են հայ ժողովրդի պատմության ու մշակույթի հետ: - «Սուրսդ դ` Աղմենի» մշակութային միությունը Ֆրանսիայում գործող հայտնի հայագիտական կառույց է, Հայրենիքից դուրս հիմնել նման կենտրոն եւ նվիրվել այդ աշխատանքներին, հաղթահարել դժվարությունները, կարծում եմ առանց ներքին մղման հնարավոր չի: - Մարդը ուժեղ է իր արմատներով, երբ դու զգում ես դրանց ամրությունը, այն քեզ վստահություն է տալիս: Հայերը շատ բան են տվել աշխարհին, մենք պետք է շատ ազգերի ապացուցենք, որ իրենց քաղաքակրթությունները ինչ-որ ձեւով խաչվում են Հայաստանում, որ իրենց երկիրի պատմությունն այս քարաստանի հետ ինչ որ ձեւով առնչվում է, իրենց մշակույթների ակունքները փնտրելիս, գան Հայաստան: Մեր նպատակն է վերաարժեւորել հայ մշակույթը` աղբյուրագիտական ուսումնասիրություններ կատարել, գրքեր հրատարակել, մշակութային ուղեւորություններ կազմակերպել: Արդեն տպագրել ենք թվով 14 աշխատություն, որոնցից երկուսը` «Հավատարիմ ծառաներ» եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորչի գործը» գրքերը, հրատարակել ենք վերջերս: Տարին մոտ երկու անգամ հայագետների, տարբեր ազգությամբ գիտնականների խմբեր ենք բերում Հայաստան, ծանոթացնում մեր մշակույթին ու մեր ժողովրդին: - Ինչպե՞ս եք գնահատում հայագիտության արդի վիճակը, որո՞նք են այս ոլորտի հիմնախնդիրները: - Հայագիտական կենտրոնների աշխատանքները համակարգված չեն, չունենք մշակված կոնկրետ ռազմավարություն, մեր կառույցը մշակել է առաջիկա տարիների համար հայագիտության զարգացման ռազմավարական ծրագիր, ակնկալում ենք, որ այն կկիրառվի եվրոպական երկրների հայագիտական կենտրոններում: Հայագիտական կենտրոններից շատերն այսօր ուսումնասիրում են Ցեղասպանություն, համոզված եմ, որ նրանցից շատերը չեն համագործակցում միմյանց հետ: Բացի Ցեղասպանությունից, նույնքան օրհասական են հայ ժողովրդի պատմության վերաբերյալ աղբյուրագիտական ուսումնասրիությունները: Մյուս խնդիրը, որը ես շատ եմ կարեւորում, այն է, որ Հայաստանում հայագետների համար դժվար է գտնել այլ երկրներից հայ ժողովրդի պատմության վերաբերյալ աղբյուրագիտական փաստաթղթեր: Սա հայ մշակույթի զարգացման ուղղությամբ լուրջ դժվարություն է ստեղծում: Իմ մեծ երազն է Հայ ժողովրդին եւ հայ մշակույթն աշխարհին ներկայացնել այնպես, ինչպես այն իրականում եղել է: Այս երազը իրականացնելու համար պետք է Հայաստանից դուրս, հայերի վերաբերյալ փաստաթղթերի լայնածավալ հավաքագրում կատարել, այնուհետեւ խորությամբ ուսումնասիրել: - Այս ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Ձեր միությունը: - Այն, ինչի մասին խոսում եմ, արդեն 10 տարի է դրանով ենք զբաղվում: Հայերի մասին 15 լեզուներով տեղեկություններ եմ հավաքել` Իսլանդիայից, Եթովպիայից, Աֆրիկյան վեց պետություններից, Հնդկաստանից, Չինաստանից եւ այլ երկրներից: Անդադար ճամփորդում եմ, օգտագործում եմ անձնական եւ այլ կապեր, գտնում եմ նորանոր ձեռագրեր, լուսանկարում եւ թվայնացնում: Ես խնդիր եմ համարում նաեւ այն, որ շատ հայագետներ ուսումնասիրում են Հայաստանից դուրս եղած հայերի վերաբերյալ աղբյուրները, իսկ Հայաստանում եղած ձեռագրերի հետ ծանոթանալու հնարավորություն չունեն: Ես ինքս տարին երկու անգամ այցելում եմ Հայաստան, ուսումնասիրում եմ տարբեր ձեռագրեր, բայց դա շատ կարճ ժամանակահատված է լուրջ, ծանրակշիռ աշխատանքներ կատարելիս, ես մտածում եմ, գոնե մեկ տարի աշխատել Հայաստանում: Համոզված եմ աշխարհի շատ հայագետներ Հայաստանում աշխատելու հնարավուություն չունեն: 20 տարի առաջ հնարավոր չէր հայագիտության ոլորտում այս ծավալի աշխատանքներ իրականացնել: Բարեբախտաբար, այսօր բարձր տեխնոլոգիաների կիրառման ժամանակաշրջանում բարենպաստ է հայագիտական աղբյուրների ուսումնասիրման եւ հայագիտության զարգացման համար: Ես կապեր ունեմ աշխարհի շատ երկրներում, օրինակ վերջերս Գերմանիայից, Իտալիայից ինձ շատ արժեքավոր ձեռագրեր են ուղարկել: Այսինքն, առանց առանձնակի մեծ ջանքերի ես այն ձեռք եմ բերել: - ՀՀ սփյուռքի նախարարությանը Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում հայագիտության միասնական եւ համակարգված քաղաքականություն է մշակում, որքանո՞վ եք կարեւորում նրա դերը, ի՞նչ աջակցություն եք ակնկալում: - Շատ ողջունելի է ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումը: Նախարարությունը պետք է ամուր կապեր հաստատի տարբեր երկրների հայ համայնքների հետ, եթե նրանց հետ կապը կտրվի, սնող կենտրոնը Հայրենիքը չդառնա, մի քանի սերունդ հատո հայն այլեւս հայ չի մնա: Ես գտնում եմ, որ Սփյուռքի նախարարությունը Սփյուռքում ապրող հային հայրենիքի հետ կապող ապահով օղակ է: Տարիներ առաջ տխրում էի, որ գերմանացիները կամ այլ ազգեր զբաղվում էին հայագիտությամբ, իսկ այսօր շատ ուրախ եմ ու պատրաստ եմ աջակցել, որ աշխարհի մշակութաբանները համոզվեն, որ հայկական մշակույթը ունիվերսալ մշակույթ է: Այս հարցում ՀՀ սփյուռքի նախարարության դերն անչափ մեծ է: Ինձ ուրախացնում է նախարարության որդեգրած հայագիտական կենտրոնների հիմնախնդիրների բացահայտման քաղաքականությունը: Նախարարությունը պետք է Սփյուռքի համար հրատարակի Հայաստանի վերաբերյալ ուսումնական, գիտահանրամատչելի տարբեր գրքեր, պատրաստի ֆիլմեր, համատեղ տարբեր ծրագրեր մշակի եւ իրականացնի: Ես հաճախ եմ ճաշում կորսված հայերի հետ, նրանց պատմում եմ հայերի եւ Հայաստանի մասին, հետաքրքրություն առաջացնում իրենց հայրենիքի հանդեպ, այս ճանապարհով նույնպես փորձում եմ հայապահպանական քայլ կատարել, որը պարտավոր է անել մեզնից յուրաքանչյուրը: Անգամ մեկ կորսված հայի վերադարձն արմատներին, ես համարում եմ ձեռք բերում: Սրանք գուցե մանրուքներ թվան, բայց հավատացնում եմ, շատ կարեւոր են: Հայապահպանությունը բոլորիս խնդիրն է: -Այժմ ի՞նչ ծրագրեր է իրականացնում Ձեր միությունը: - Հայկական մշակույթի եւ Հայաստանի վերաբերյալ աշխատությունների երեք հավաքածու է պատրաստվում: Հայաստանի կրոնի եւ հոգեւոր պատմության, հայկական եկեղեցու ծագման վերաբերյալ երկու հատորների հրատարակումից հետո, մենք ծրագրում ենք տպագրել սբ. Գրիգոր Լուսավորչի եւ Սուրբ հողում մուսուլմանական Էքսպանսիայից առաջ հայերի կյանքի վերաբերյալ աշխատություններ: Նախատեսում ենք հրատարակել աշխատություն այն սրբերի մասին, ովքեր քրիստոնեություն են տարածել Եվրոպայում` սբ. Գրիգոր դե Թալլար, սբ. Սերվատիուս դե Մաստրիխտ եւ այլն: Անդադար աշխատում ենք Հայաստանից դուրս հայերի վերաբերյալ փաստաթղթերի հավաքագրման ուղղությամբ: Ուսումնասիրում ենք միջնադարյան Եվրոպայում մինչեւ խաչակրաց արշավանքները հայերի վերաբերյալ ձեռագրերը, կանդրադառնանք հնէաբանական եւ հուշարձանային մասունքների ուսումնասիրություններին, այնուհետեւ կուսումնասիրենք 1095-1500թթ. վերաբերվող փաստաթղթերը: Յուրաքանչյուր աշխատության համար մենք կուսումնասիրենք բոլոր ձեռագրերը, ունենք դրանց բարձրորակ թվային լուսանկարները, որպեսզի գրաքննությունը լույս տեսնի: Երբ այս աշխատանքի առաջին փուլն ավարտվի, մենք նախատեսում ենք Հայաստանին նվիրել բոլոր լուսանկարների պատճենները եւ գրաքննության նյութերը: Պիտի պատրաստենք աղբյուրագիտական նյութերի ցանկ, այն կառաջարկենք բոլոր հայագետներին, ոսումնասրիություններ կատարելուց հետո, մենք այն կտպագրենք: Համահայկական, միջազգային եւ եկեղացական կառույցների հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ