Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում
06-01-2022 12:45:22 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները և ուխտավոր հայորդիներ։
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանը: Նախ կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:
Սուրբ Պատարագի ընթացքում Փառեն Սրբազանն իր քարոզում անդրադարձավ Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին: Սրբազան Հայրը հաստատեց, որ Աստծու Որդին ծնվեց, մարմնացավ և խոնարհվելով դրվեց մսուրի մեջ մարդկության փրկության համար։ Փառեն Սրբազանն ընդգծեց նաև, որ Քրիստոս իր հայտնությամբ խաղաղություն բերեց աշխարհին, խաղաղություն, որը մինչև այդ եղած մարդկային խաղաղությունից միանգամայն տարբերվում էր։
Վերջում պատարագիչ Սրբազանը պատգամեց ներկաներին, Աստծու մարմնացած Որդուն ընդունելով իրենց սրտերում, լցվել Քրիստոսի շնորհած խաղաղությամբ՝ ձայնակցելով հրեշտակներին. «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ․ 2․14)։
Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը: