Ամերիկյան HIMARS հրթիռային համակարգերը շուտով մարտի մեջ կմտնեն Ուկրաինայում․ Պենտագոն


Ամերիկյան HIMARS հրթիռային համակարգերը շուտով մարտի մեջ կմտնեն Ուկրաինայում․ Պենտագոն

  • 15-06-2022 10:16:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Lragir.am. Պենտագոնը հայտնել է, որ ուկրաինացի զինվորականներն ավարտում են HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգերի ուսուցումը, և այդ համակարգերը շուտով «մարտի մեջ կմտնեն»։ Ինչպես գրում է «Ամերիկայի ձայնը», այս մասին երեքշաբթի ասել է պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնում (CNAS)։
 
Նրա խոսքով, Պուտինի նպատակը Ուկրաինայի զգալի մասի գրավումն է, եթե ոչ ողջ երկիրը։ «Չեմ կարծում, որ նա կկարողանա հասնել այդ նպատակներին»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։
 
Քալը խոստովանել է, որ ռուսական ուժերը առաջ են շարժվել Ուկրաինայի հարավում, սակայն նշել է, որ առաջխաղացումը Ուկրաինայի պաշտպանության մեծ ճեղքում չէ։
 
«Նրանք կարող են մարտավարական հաջողությունների հասնել այստեղ-այնտեղ: Ուկրաինացիները կդիմանան: Չեմ կարծում, որ ռուսներն ի վիճակի են հասնել իրենց մեծ նպատակներին», ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը:
 
Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան նշել է երկու կողմերի մեծ կորուստների մասին. «ուկրաինացիները կորուստներ են կրում, ռուսները նույնպես մեծ կորուստներ են կրում, իսկ առաջնագիծը գրեթե չի փոխվում»։
 
Քալն ասել է, որ Պենտագոնը կիսում է «ուկրաինական մտահոգությունները՝ կապված Ուկրաինայի արևելքում հրետանային մենամարտի անհավասար հնարավորության հետ»:
 
«Ճիշտ է, որ ռուսները զգալիորեն ավելի շատ հրետանային հնարավորություններ ունեն», – ասել է նա՝ ընդգծելով, որ Ուկրաինան կախված էր խորհրդային ժամանակաշրջանի հրետանային համակարգերից, եւ նման համակարգեր մատակարարելու հնարավորությունները խիստ սահմանափակ էին։ Այդ իսկ պատճառով, պարզաբանել է Քալը, որոշվել է անցնել ՆԱՏՕ-ի երկրներում օգտագործվող հրետանային համակարգերի, այդ թվում՝ HIMARS-ի մատակարարմանը։
 
Պենտագոնի ղեկավարի տեղակալը հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհրապարակվի ԱՄՆ-ի ազգային պաշտպանության նոր ռազմավարության տարբերակը։ Այս փաստաթղթում Ռուսաստանը նշվում է որպես «սուր սպառնալիք»։
 
Քալն ընդգծել է «սուր» բառի ընտրությունը, ինչը հուշում է, որ այս մարտահրավերը «ժամանակավոր» է և միևնույն ժամանակ «անմիջական» և «կտրուկ»:
 
Հարցին, թե որ երկիրն է ամենամեծ վտանգը ներկայացնում ԱՄՆ-ին՝ Ռուսաստանը, թե Չինաստանը, Քալը պատասխանել է, որ «Չինաստանը միակ երկիրն է, որը մտադիր է եւ ընդունակ է պարբերաբար մարտահրավեր նետել Միացյալ Նահանգներին ներկայում եւ տեսանելի ապագայում»,- ասել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն