Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում


Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում

  • 29-06-2022 18:44:02   | Հայաստան  |  Իրավունք

 Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Աննա Վարդապետյանին ընտրեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում:
 
Վարդապետյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
 
Քվեարկությունից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել է 70 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։
 
Գլխավոր դատախազի ընտրության հարցի քննարկմանը, քվեարկությանը ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցել: 
 
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ գլխավոր դատախազն իր պաշտոնը ստանձնում է ԱԺ նիստում տրված երդմամբ, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին:
 
Աննա Վարդապետյանը 2020 թվականի մարտի 2-ից զբաղեցնում է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը:
 
Սեպտեմբերի  15-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք