Ծայրահեղ մտահոգիչ է, որ կալանքի պայմաններում չի երաշխավորվել Արմեն Գրիգորյանի առողջության իրավունքը․ ՄԻՊ
15-07-2022 20:10:53 | Հայաստան | Իրավունք
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Ծայրահեղ անընդունելի և մտահոգիչ է, որ նախնական կալանքի պայմաններում անձի նկատմամբ պահման վայրում չի երաշխավորվում առողջության պահպանման իրավունքը, պատշաճ չեն բացահայտվում և հասցեագրվում առողջական խնդիրները, ինչը հանգեցնում է նման ողբերգական հետևանքի։ Պարզաբանումներ եմ պահանջել Դատախազությունից և Արդարադատության նախարարությունից Արմեն Գրիգորյանի մոտ ախտորոշված հիվանդությունների, դրանց բուժման նպատակով ձեռնարկված միջոցների և մահվանը հանգեցրած մյուս հնարավոր հանգամանքների վերաբերյալ։ Հետևողական եմ լինելու մեղավորներին պատասխանատվության կանչելու հարցում»,- ասված է ՄԻՊ հայտարարությունում։
***
Այսօր՝ հուլիսի 15-ին, դատական նիստի ընթացքում կտրուկ վատացել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը։ Դատարան ժամանած «Շտապօգնության» բրիգադին չի հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:
Արմեն Գրիգորյանը մայիսի 17-ից անազատության մեջ էր: ԱԱԾ-ն նրան ձերբակալել էր ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու կասկածանքով։ Ըստ ԱԱԾ-ի՝ Գրիգորյանը հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը: