Տաշիրում մեկնարկեցին «Երեմյան Ֆարմի» նախադեպը չունեցող մասշտաբային գյուղատնտեսական նախագծի շինաշխատանքները


Տաշիրում մեկնարկեցին «Երեմյան Ֆարմի» նախադեպը չունեցող մասշտաբային գյուղատնտեսական նախագծի շինաշխատանքները

  • 10-10-2022 12:43:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հարգելի՛ գործընկերներ, 
 
Հոկտեմբերի 8-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի, Եվրասիական զարգացման բանկի (EDB) Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանի, Տաշիրի համայնքապետ Էդգար Արշակյանի և Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյան  ներկայությամբ տեղի է ունեցել «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմ» նոր կառուցվող անասնաբուծական համալիրի հիմքում «Ժամանակի պարկուճով» առաջին քարե բլոկի տեղադրումը, որով և մեկնարկել են  ֆերմայի շինարարական աշխատանքները։ 
 
Խորհրդանշական ուղերձով պարկուճը քարե բլոկում տեղադրվել էր դեռևս սույն թվականի օգոստոսի 5-ին «Երեմյան Փրոջեքթսի» Ջերմուկի ֆերմայում՝ Դավիթ Երեմյանի, Վահան Քերոբյանի և ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովի կողմից, ովքեր նույն օրը ստորագրել էին համագործակցության հուշագիրը, ըստ որի՝ Եվրասիական զարգացման բանկը 25 մլն դոլարի ներդրում է կատարելու Լոռու մարզի Տաշիր համայնքում «Երեմյան ֆարմի» կողմից խոշոր տավարաբուծական և խոզաբուծական նոր ֆերմա  կառուցելու համար:
 
Ըստ նախարար Վահան Քերոբյանի՝ նման նախաձեռնությունները նաև խթան են մասնավոր հատվածի և արտահանման ներուժի զարգացման համար. 
 
«Մեկ տարի առաջ, երբ ընկերությունը այս նախաձեռնությամբ հանդես եկավ, մենք մեծ  ոգևորությամբ արձագանքեցինք  ու Եվրասիական զարգացման բանկի և Կառավարության մեր գործընկերների հետ ստեղծեցինք այնպիսի միջավայր, որ այս նախագիծը դառնա իրականություն։ Շատ ուրախ ենք, որ մեկ տարի անց շինարարական աշխատանքները  մեկնարկել ու բուռն ընթացքի մեջ են, և արդեն հաջորդ գարնանը մենք կունենանք նոր, բարձրակարգ, առաջնակարգ ֆերմերային տնտեսություն, որը Հայաստանի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման վրա զգալի ազդեցություն կունենա։ Այստեղ կա թե՛ խոզաբուծարան, թե՛ կաթնատու կովերի ֆերմա։ Երկուսն էլ շատ կօգնեն, որ մեր գյուղատնտեսության միջին արտադրողականությունը նույնիսկ զգալիորեն բարձրանա։ Բնականաբար, Տաշիր համայնքում այն շատ լավ օրինակ  է  մեծ և փոքր ֆերմերային ընկերությունների համար, որպեսզի նրանք տեսնեն,  թե ինչպես է պետք զբաղվել բարձր արտադրողական գյուղատնտեսությամբ»։
 
Վահան Քերոբյանը հավելեց, որ ներդրումային այս ծրագրի ընդհանուր արժեքը  31 մլն ԱՄՆ դոլար է, և որ սա գյուղատնտեսության մեջ երևի թե ամենախոշոր ներդրումային ծրագիրն է, որը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության նկատմամբ ներդրումային հետաքրքրությունը կտրուկ մեծանում է։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ  Կառավարությունն ունի գյուղատնտեսության խոշորացման իր ռազմավարությունը, և տարբեր գործիքների ու ծրագրերի միջոցով նրանք փորձում են այնպես անել, որ գյուղատնտեսությամբ զբաղվողները դրանով ունենան  ավելի բարձր արտադրողականություն և մեծ շահույթով աշխատեն։ 
 
«Երեմյան Ֆարմի» անասնապահական այս խոշոր համալիրի ընդհանուր մակերեսը 29 հեկտար է, որը ներառելու է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց՝ երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի։  Համալիրը համապատասխանեցված է լինելու արտադրության և որակի սահմանված միջազգային չափանիշներին, հագեցած՝ ավտոմատ համակարգերով ու սարքավորումներով։ 
 
«Ծրագրի նպատակը ՀՀ-ում պարենային անվտանգության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ապահովումն է», - շեշտեց Երեմյան Փրոջեքթս ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը. 
 
 «Սերմից՝սեղան» ամբողջապես փակ ցիկլով գործելու մեր ռազմավարությունը թույլ է տալիս ապահովել կաթնարտադրության յուրաքանչյուր փուլի վերահսկողությունը, ինչը մեծապես կնպաստի հասարակությանը որակյալ կաթնամթերք մատակարարելուն և պարենային անվտանգության ապահովման այսօրվա մարտահրավերների հաղթահարմանը։ Մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնել Հայաստանում ժամանակակից անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության նոր մշակույթ զարգացնելու գործում և, ինչպես տեսնում եք, այդ պարտավորություններն արդեն իսկ իրագործում ենք առանձնակի ակտիվությամբ»,-ասաց Դավիթ Երեմյանն ու հավելեց, որ անասնապահական այս համալիրը լինելու է  Հայաստանում իր տեսակի մեջ առաջինն ու եզակին։ 
 
ԵԱԶԲ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Արմեն Մելկիկյանն էլ նշել է. «Սա մեր բանկի խոշորագույն ներդրումներց մեկն է ՀՀ-ում, ինչով մենք շատ հպարտ ենք։ փորձագետներ են ներգրավված եղել նախագծի իրականացման ու նախապատրաստման համար։ Սա օրինաելի ծրագիր է նրանով, որ այստեղ միջազգային բանկի կողմից  կառավարության և բիզնեսի եռակողմ համագործակցություն է ընթանում։ Այսպես մենք ցանկանում ենք ստեղծել մոդելային լուծում-մոտեցումը մեր երկրում ներդրումներ ներգրավելու համար։ Ծրագիրը, իհարկե, մեծ թափ կբերի  մասշտաբային տնտեսության և տարածքային զարգացմանը, որովհետև Հայաստանում մասշտաբային արդյունաբերական տնտեսությունները շատ քիչ են։ Սա օրինակ կծառայի, որ հայ ներդրողները ևս ակտիվանան մեր երկրում։ Ծրագիրը մտնում է մեր ռազմավարության  ընկերական ծրագրերի մշակույթի մեջ։  Շատ ուրախ ենք  այս համագործակցության և հենց այսօր շինարարական աշխատանքները մեկնարկելու կապակցությամբ։ Վստահ ենք, որ ծրագրում հաջողություն կունենանք․ այն նաև մոտիվացիա կլինի այլ ներդրողներ համար»։
***
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խումբը Հայաստանում հանրային սննդի, ռեստորանային բիզնեսի, սպասարկման, մասնագիտական կրթության, գյուղատնտեսության և սննդի արտադրության ոլորտների առաջատարներից է։ Իր գործունեության 15 տարիների ընթացքում Ընկերությունը ստեղծել և իրականացրել է տասնյակից ավելի համարձակ, յուրահատուկ և կոնցեպտուալ նախագծեր, մեծ ներդրում ունեցել Հայաստանում ռեստորանային ոլորտի և գյուղատնտեսության զարգացման գործում։ Գործունեության փակ ցիկլ ապահովելու նպատակով Ընկերությունը 2019 թվականից մեկնարկել և իրականացնում է բիզնես զարգացման նոր ռազմավարություն՝ հիմնված «Սերմից սեղան» հայեցակարգի վրա, որի շրջանակում Ընկերությունը բացել է Վայոց Ձորում տավարաբուծական և Տավուշի մարզում խոզաբուծական ֆերմաներ, կերաղաց Արարատի մարզում և «Արցախ» խոհանոց-գործարան Երևանում։ «Երեմյան Փրոջեքթսը» միավորում է հայտնի ռեստորանային բրենդերը՝ հեղինակային բարձր խոհանոց ներկայացնող «Ռենոմե», «Բուրգըրի Անգուս ընդ Մոր», իտալական «Կազա Նոստրա», բարձր խոհանոց ներկայացնող «Լիվինգսթոն», կոնցեպտուալ «Լավաշ», «Շերեփ» ռեստորանները, «Սմոքինգ շեֆ» սթեյք-հաուզը, «Պանդոկ Երևան», «Պանդոկ Երևան գետափին»-ը, «Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը և «Սիզընս» նախագծերը` ռեստորան, սրճարան, հրուշակարան, պաղպաղակի սրահ։ «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի կազմում են նաև  Yeremyan Delivery առաքման ծառայությունը, Yeremyan Products կաթնամթերքի արտադրության գործարանը, գյուղատնտեսական նախագծերը ներառող «Երեմյան Ֆարմը», Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիան, որը զբաղվում է սկսնակ և ոլորտում գործող մասնագետների ուսուցմամբ ու գիտելիքների խորացմամբ։
 
Ակադեմիայի կրթական ծրագրերը հաստատված և վավերացված են վերջինիս բացառիկ գործընկերոջ՝ Group City of Oxford College-ի կողմից։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն