Հայաստանում պահպանում են մեր ընդհանուր սխրանքի հուշը. Կոպիրկին


Հայաստանում պահպանում են մեր ընդհանուր սխրանքի հուշը. Կոպիրկին

  • 22-11-2022 14:13:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես ուղերձ է հղել «Հաղթողների հիշատակը» միջազգային համաժողովի մասնակիցներին։
 
Երևանում իր աշխատանքն է սկսել «Հաղթողների հիշատակը» միջազգային համաժողովը` մերձավոր և հեռավոր արտերկրի երկրներում «Անմահ գունդ» երթի կազմակերպիչների համար։
 
Համաժողովի բացմանը ելույթ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նշել է, որ «Անմահ գունդ» ակցիան տեղականից դարձավ համառուսաստանյան, հետո վերածվեց միջազգային երթի և արդեն միավորում է բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն, ովքեր պատրաստ են պաշտպանել հայրերի, պապերի ու նախապապերի մեծ սխրանքի հիշատակը:
 
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է այսօր «Անմահ գունդը» մեր ընդհանուր անցյալի վրա հարձակման ժամանակ դիմադրության գծերից մեկը դարձել, հարձակման, որը մի մասն է այն հիբրիդային պատերազմի, որը հավաքական Արևմուտքը մղում է Ռուսաստանի դեմ։ Ուստի էլ ավելի կարևոր է դառնում այն, որ մենք միասնական ճակատով պաշտպանում ենք պատմական ճշմարտությունը, դեմ ենք պատմությունը կեղծելու փորձերին»,- ասել է դիվանագետը։
 
Դեսպանի խոսքով՝ ակնհայտ է դառնում, որ առավել քան երբևէ անքակտելի է անցյալի և ներկայի միջև կապը։ Այս առումով նա խորհրդանշական է համարել այն փաստը, որ նման մասշտաբի միջոցառումը տեղի է ունենում Հայաստանում, քանի որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի գործում հայերի ներդրումը հսկայական է։
 
Կոպիրկինը նշել է, որ Հայաստանը տվել է ավելի քան 600 հազար մարտիկ, չորս մարշալ, Խորհրդային Միության հարյուրից ավելի հերոս։ Դիվանագետը նկատել է, որ 2019թ.-ին ՀՀ քաղաքների փողոցներով անցել և իրենց հերոսների դիմանկարներն է տարել ավելի քան 10 հազար մարդ:
 
«Հատկապես կարևոր է այն, որ այստեղ խնամքով պահպանում են մեր ընդհանուր սխրանքի հիշատակը, մեծարում հաղթող հերոսներին, դիմակայում պատմությունը վերաշարադրելու փորձերին։ Այս առումով մենք միասնական ենք»,-նշել է Կոպիրկինը։
 
Դեսպանը նշել է նաև, որ այսօրվա չափազանց բարդ իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է պահպանել և գալիք սերունդներին փոխանցել հիշողությունը այն գնի մասին, որը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ վճարվել են ժողովուրդները: Մեծ հաղթանակը ցույց տվեց, որ բոլոր դժվարություններով, զոհողություններով ու կորուստներով հանդերձ, մեկ նպատակի շուրջ համախմբված ժողովուրդները կարողացան պաշտպանել իրենց և կկարողանան դա անել ցանկացած պարագայում։
 
ԱՊՀ և հայրենակիցների գործերով Դաշնային գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովն իր հերթին ընթերցել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ուղերձը:
 
«Հայրենական մեծ պատերազմը վիշտ է բերել յուրաքանչյուր ռուսական ընտանիքի։ Ձեր շնորհիվ կյանքի է կոչվում ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց ցանկությունը` շարունակել հարգել նախնիների հիշատակը։ Այսօր, երբ աշխարհը բախվել է կոլեկտիվ Արևմուտքի անթաքույց ագրեսիային և մեր քաղաքացիների, հայրենակիցների նկատմամբ ռուսատյացության դրսևորումներին, մեզ համար առավել քան երբևէ կարևոր է համախմբվել և միասին հանդես գալ հանուն ընդհանուր անցյալի, ներկայի, հետևաբար նաև ապագայի։ Մեր սրբազան պարտքն է պահպանել պատմական ճշմարտությունը նրանց մասին, ովքեր պաշտպանել են հայրենիքի ազատությունն ու անկախությունը, փրկել են Եվրոպան և աշխարհը նացիզմից»,-նշել է Լավրովը։
 
Իր կողմից Պրիմակովը հավելել է, որ պատահական չէ, որ համաժողովն անցկացվում է Հայաստանում, որտեղ հարգում են պատմական հիշողությունը։ Նրա խոսքով` պատմական հիշողությունը ոչ միայն դասագրքերի և գիտական հետազոտությունների, այլև նախնիների հիշատակի և նրանց սխրանքի նկատմամբ հարգանքի հարց է:
 
«Դա մեր ինքնության հարցն է։ Իհարկե, կարևոր է մտածել այն մասին, թե ինչպես ենք զբաղեցնելու մեր երեխաներին, ինչ սուպերմարկետ ենք գնալու, ինչ հումորային շոու ենք դիտելու երեկոյան: Բայց մարդիկ, որոնք միայն այդ մասին են մտածում, կորցնում են կապը իրենց նախնիների և ավանդույթների հետ: Դրանք նախրի են վերածվում»,-ասել է նա։
 
Նշենք, որ «Ռուսաստանի Անմահ գունդ» համառուսաստանյան հասարակական քաղաքացիական-հայրենասիրական շարժումը նոյեմբերի 22-23-ը Երևանում անցկացնում է «Հաղթողների հիշատակը» համաժողովը: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է անդրադառնալ Հայրենական մեծ պատերազմի մասին պատմական հիշողության պահպանման թեմային, շեշտը դնել ինտերնետային տիրույթում և սոցիալական ցանցերում այդ թեմայով տեղեկատվական պատերազմի վարման վրա։
Ներկայում Անմահ գնդի երթը աշխարհի ամենազանգվածային հանրային ակցիաներից մեկն է, որը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների պատմական և ընտանեկան հիշատակի պահպանմանը: Չնայած աշխարհում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակին, 2022 թվականին Անմահ գնդի երթերը ավանդական, ինչպես նաև խառը և հիբրիդային ձևաչափերով (ավտո և մոտոարշավներ, ցուցահանդեսներ և այլն) տեղի են ունեցել աշխարհի 90 երկրներում։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play