«Համմերի» վարորդը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
11-02-2023 20:19:26 | Հայաստան | Հասարակություն
Հանրապետության հրապարակում խուլիգանական վարք դրսևորած, թմրամոլ, երթևեկության և մարդկանց կյանքի համար անվտանգության սպառնալիք ստեղծած «Համմերի» վարորդը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ։ Մեծ հաշվով, այդ վարորդը վարվել է այն ահաբեկիչ վարորդների պես, որոնք Եվրոպայի կամ ԱՄՆ-ի քաղաքների փողոցներում մեքենաները վարում են մարդկանց ուղղությամբ՝ դիտավորյալ վնասելու կամ սպանելու նպատակով։
Բայց սա խնդրի մի կողմն է։ Թվում էր, թե «Համմերի» վարորդի այլանդակ գործողությունները պետք է խստագույն հասարակական պարսավանքի արժանանային։ Բայց ոչ։ «Համմերի» այլանդակությամբ ծածուկ կամ անթաքույց հրճվող և նրան աջակցող քաղաքացիները մեղադրանքի սլաքներն ուղղում են պարեկների ուղղությամբ, որոնք, կրակելով անվադողներին, փորձել են կանգնեցնել մեքենան և կանխել հնարավոր աղետը։ «Համմերի» վարորդին աջակցել նշանակում է հանրային աջակցություն ցուցաբերել ամենաթողությանը, անպատժելիությանը և օրինախախտումներին։
Ընդհանարպես, Հայաստանում հանրության մի հատված միշտ էլ աջակցում ու պաշտպանում է օրինախախտումները երկու պատճառով․ նախ, որ իրենք էլ մի օր գիտակցված կարող են խախտել օրենքը և հասարական կարգը, և հետո՝ այդպես կարող են մեղադրել իշխանություններին։ Այս իշխանությունների մեղքերը շատ են, այնպես որ խուլիգանին, օրինախախտին աջակցելով իշխանություններին քննադատելը անտրամաբանական է։
Հանրային աջակցությունն օրինախախտումներին և ամենաթողությանը երբեք թույլ տա, որ Հայաստանի հանրությունն ու պետությունը առաջադեմ դառնան։ Անկախ նրանից, թե օրինախախտումները ինչի՞ն են վերաբերում՝ ապօրինի շինարարությա՞նը, արատավոր մեթոդներով գնահատական ստանալու՞ն, երթևեկության կանոնները խախտելու՞ն, փողոցում աղբ թափելու՞ն, թե՞ կոռուպցիոն այլ երևույթների։
Իմ կարծիքով, մեր պարեկները բավականին մեղմ են վարվում նրանց նկատմամբ, ովքեր մեր ավտոճանապարհները վերածել են կյանքի համար վտանգավոր երթուղիների։ Իհարկե, «Համմերի» վարորդի վարքը միայն երթևեկության խախտումներով պայմանավորված չէ։ Միաժամանակ, ՃԵԿ-ի անթույլատրելի խախտումները դարձել են հայաստանյան կյանքի անբաժան ուղեկիցները։ Ես կողմ եմ, որ յուրաքանչյուր 500 մետրը մեկ տեսախցիկ տեղադրեն։ Ես կողմ են երթևեկությունը ամենախիստ միջոցներով կարգավորելուն, տուգանքների չափերը մեծացնելուն։ Ընդ որում, այդ ամենը պետք է վերաբերի ոչ միայն վարորդներին, այլև կարմիր լույսի տակով և անթույլատրելի վայրերով անցնող հետիոտներին։ Ես կողմ եմ երթևեկության կարգավորման խստացմանը թե՛ որպես վարորդ, թե՛ որպես հետիոտն։
Եվս մեկ բան։ Վերջին մեկ տարվա ընթացքում ես երկու անգամ նամակ եմ գրել ոստիկանությանը՝ Արշակունյաց 278 հասցեի խաչմերուկում տեսախցիկ տեղադրելու համար։ Այստեղ, կրկնակի հոծ գիծը խախտելով՝ շրջադարձ կամ հետադարձ կատարելով՝ օրինազանց վարորդներն աննկարագրելի ծանր վիճակ են ստեղծում հարակից խաչմերուկով երթևեկող անցորդների և վարորդների համար։ Երկու օր առաջ երեք ավտոմեքենա միաժամանակ, միմյանց հետ մրցելով, շրջադարձ կատարեցին՝ հատելով կրկնակի հոծ գիծը։ Էլ չեմ խոսում գիշերային ժամերին առանց խլացուցիչների սուրացող մեքենաների մրցավազքի մասին։
Մեր ավտոճանապարհներին պետք է տիրեն օրինականությունը, կարգականոնն ու քաղաքակրթությունը, հակառակ դեպքում՝ «Համմերի» նմանօրինակ վարորդները կշարունակեն դառնալ մեր կյանքի, մեր ճանապարհների տերն ու տիրականը; Եվ մեր ավտոճանապարհները կշարունակեն մնալ կյանքի համար խիստ վտանգավոր։