Եթե միջազգային մեխանիզմներ չձևավորվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել. Փաշինյան


Եթե միջազգային մեխանիզմներ չձևավորվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է նոր պատերազմ բռնկվել. Փաշինյան

  • 18-04-2023 14:23:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Խաղաղությունը հնարավոր է, եթե բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար հստակ արձանագրենք, որ ՀՀ-ն ճանաչում է 29 800 քառակուսի կիլոմոտր տարածքը, ավելի կոնկրետ՝ Հայկական ԽՍՀ տարածքը, որը 1991 թվականին անկախություն է ստացել, և որևէ այլ երկրից որևէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք, այլև չենք ունեցել երբեք: Եթե այս միտքը չարձանագրենք ու չդարձնենք մեր հանրության սոցիալ հոգեբանություն, ոչ ոք մեզ թույլ չի տալու զարգանալ, որովհետև ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ մենք զարգանում ենք, ուժեղանում, որ այդ զարգացումն ու ուժն ուղղենք ուրիշների դեմ և մեր երկրի տարածքներն ընդլայնելու համար՝ ԱԺ-ում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Ավելին՝ տվյալ պարագայում ոչ միայն մեր զարգացումը թույլ չտալն է լինելու ուրիշների օրակարգի խնդիր, այլև առնվազն մեր պետության գոյությունը թույլ չտալն է դառնալու ուրիշների խնդիր, և այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնելու: Ու հիմա տեսության մասին չեմ խոսում, այլ իրականության, որը վերջին տարիներին կանգնում է մեր առաջ և այսօր էլ կանգնած է մեր զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը»,- ասաց վարչապետը:
 
Ըստ վարչապետի՝ մեր զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ ու խաղաղ ապրելը՝ մեր երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով:
 
«Իհարկե, սա հնարավոր է, եթե նույն նպատակը որդեգրեն նաև մյուսները, բայց մենք կարող ենք դա առաջինը անել: Այս է պատճառը, որ ես այս բարձր ամբիոնից բարձրաձայնում եմ այդ խնդիրը և արձանագրում այս մոտեցումը: Սա որևէ կերպ չի նշանակում մոռանալ մեր պատմությունը, այլ նշանակում է փորձել փոխել պատմության ընկալման դիտանկյունը, սոցիալ-հոգեբանական ընկալումը»,- ասաց Փաշինյանը:
 
Նա նկատեց, որ մենք ինքնիշխան պետության պատմագրության դպրոց ստեղծելու հարցում մեծ հաջողություններ չունենք, և մեր պատմագիտական բովանդակության մի զգալի հատվածը սահմանափակված է սովետական պատմագիտության կաղապարում, որն ինչ-որ առումով համահունչ է հայկական անկախության չգոյության և անգամ հակոտնյա է ինքնիշխանության հայեցակարգին:
 
«Մեր մեծագույն մոլորությունն այն է եղել, որ մենք խորհրդահայ պատմագիտության հենասյուների վրա կարող ենք անկախ պետական գիտակցություն ստեղծել: Օրինակ՝ հայրենասիրության մեր մոդելի խնդիրը: ՀՀ-ն և կամ հայկական պետականությունը հայրենասիրության մեր մոդելի առաջնային օբյեկտ չի եղել երբեք, և սոցիալ-հոգեբանական մակարդակում այս իրավիճակը պահպանվում է նաև այսօր: Պատճառը մեկն է՝ հայրենասիրության այդ մոդելի հեղինակը մենք ինքներս չենք:
 
Մենք առավելագույնը համահեղինակ ենք, իսկ առավել մեծ հավանականությամբ՝ սպառող: Եվ ուրեմն այն, ինչ ասացի, իրականում հայրենասիրության մեր սեփական, մեր պետական մոդելի ստեղծման անհրաժեշտության օրակարգին է վերաբերում: Օրակարգում նման հարց կա, որի լուծումը կենսական անհրաժեշտություն է ազգային անվտանգության հարցում»,- ասաց Փաշինյանը:
 
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչելու մասին՝ վարչապետն ասաց, որ Հայաստանն է առաջարկել, որ պայմանագրին կցվեն հայկական և ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները:
 
«Չափազանց կարևոր է, որ խաղաղության հնարավոր պայմանագրի իրագործման երաշխավորող միջազգային մեխանիզմներ ձևավորվեն, հակառակ դեպքում պայմանագրի ստորագրման հաջորդ օրը կարող է պատերազմ բռնկվել, կամ նոր էսկալացիա տեղի ունենալ»,- ասաց Փաշինյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը