Բաքուն պահանջում է «չմիջամտել իր ներքին գործերին»


Բաքուն պահանջում է «չմիջամտել իր ներքին գործերին»

  • 29-07-2023 12:30:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Պաշտոնական Բաքուն պահանջել է «Հայաստանի կողմից խաբված երկրներից և միջազգային կազմակերպություններից» հարգել իր ինքնիշխանությունն ու «տարածքային ամբողջականությունը», չմիջամտել երկրի «ներքին գործերին և վերջ տալ երկակի ստանդարտների քաղաքականությանը»։
 
Արցախը նախորդ դեկտեմբերից շրջափակման մեջ պահող Ադրբեջանի արտգործնախարարությունը հայկական կողմի ուղղությամբ հերթական անգամ իր մեղադրանքներն է ուղղել, նշել, թե իբր ապահովել է Հայաստանի բնակիչների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ռուսական խաղաղապահ զորախմբի անցումը սահմանային անցակետով։ Բաքուն կրկին հերքել է Լեռնային Ղարաբաղում լարված հումանիտար իրավիճակի մասին հայտարարությունները, ասելով, թե հուլիսի 26-ին բեռնատարները ՀՀ կառավարությունն առանց թույլտվության են ուղարկվել «Ադրբեջանի տարածք»։
 
Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի տեղադրման միջադեպից հետո՝ հունիսի 15-ից, Արցախ ընդհանրապես որևէ բեռ չի մտել: ԿԽՄԿ-ն ահազանգել է՝ ոչ մի ճանապարհով ի վիճակի չէ օգնություն հասցնել տեղացիներին։ Հեղինակավոր Freedom House-ը կոչով դիմել է Ադրբեջանին՝ թույլ տալ Կարմիր խաչին անհրաժեշտ մարդասիրական օգնությունը փոխադրել։ Եվրամիությունը իր խորը մտահոգությունն է հայտնել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է երեք օր առաջ դեպի Արցախի ուղարկված հումանիտար օգնության մուտքը, որը բացվել էր միջազգային դիվանագետների ներկայությամբ, դեսպանները ծանոթացել էին ապրանքատեսակներին։
 
«Վերջին օրերին տեղի ունեցած այս բոլոր սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանը և նրա ղեկավարությունը»,- պնդում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը՝ սպառնալով ճնշել «իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած քայլ»։
 
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը երեկ հենց բեռնատարների դիմաց հայտարարեց՝ մեքենաները շարունակելու են մնալ այստեղ այնքան, որքան անհրաժեշտ է՝ չհստակեցնելով, սակայն, խոսքը օրերի, շաբաթների մասին է կամ գուցե քննարկվել է այլ սցենար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play