Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է լայն հակամարտություն առաջացնել տարածաշրջանում․ ԱՄՆ բարձրաստիճան գեներալ


Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է լայն հակամարտություն առաջացնել տարածաշրջանում․ ԱՄՆ բարձրաստիճան գեներալ

  • 24-06-2024 14:40:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է վերածվել ավելի լայն հակամարտության՝ ներգրավելով Իրանը և Իրանի աջակցությունը վայելող զինյալներին։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ օդուժի գեներալ, զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Չարլզ Բրաունը։
 
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 
 
Բրաունի կարծիքով՝ Իրանը հակված է ավելի ակտիվորեն աջակցել «Հեզբոլլահ»-ին, քան ՀԱՄԱՍ-ին, հատկապես, եթե զգա, որ «Հեզբոլլահ»-ին «լուրջ վտանգ է սպառնում»։
 
««Հեզբոլլահ»-ն ավելի մարտունակ է, քան ՀԱՄԱՍ-ը, երբ խոսքը վերաբերում է ընդհանուր հնարավորություններին, հրթիռների քանակին և նման բաներին։ Եվ ես պարզապես կասեի, որ, իմ կարծիքով, Իրանն ավելի հակված կլինի ավելի մեծ աջակցություն ցուցաբերել «Հեզբոլլահ»-ին»,- լրագրողներին ասել է  Բրաունը:
 
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 23-ին Channel 14 հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ պատերազմի «ինտենսիվ փուլը շուտով կավարտվի», և որ զինվորականների ուշադրությունը կկենտրոնանա Լիբանանի հետ Իսրայելի սահմանի վրա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը