Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինումը. դրանից հետո քաղաքի վերելակների գրեթե կեսը կլինի նորացված


Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինումը. դրանից հետո քաղաքի վերելակների գրեթե կեսը կլինի նորացված

  • 01-08-2024 13:50:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Գործընթացն իրականացվում է երկու փուլով: Հասցեներն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը: Քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասն ավելի քան 4 տասնամյակ սպասարկում է բնակիչներին: 
 
«Երևանի քաղաքապետարանը վեցերորդ տարին անընդմեջ իրականացնում է վերելակների փոխարինման ծրագիրը: 2019 թվականից սկսած, այս տարին էլ ներառյալ, քաղաքում կունենանք փոխարինված  2051 վերելակ: Սրանով կարող ենք արձանագրել, որ քաղաքի վերելակային ֆոնդի գրեթե կեսը փոխարինել ենք: Հաշվի առնելով, որ վերելակները բաժնային սեփականություն են, ծրագիրն իրականացնում ենք՝ թեթևացնելու բնակիչների սոցիալական բեռն ու ապահովելու քաղաքացիների անվտանգությունը»,- ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհանիսյանը:
 
«Այս պահին միանգամից 97 հասցեներում սկսվել է փոխարինումը: Տեղադրվում են 400 բելառուսական ու 100 ռուսաստանյան արտադրության սարքավորումներ: Շահագործման ժամկետը մոտ 25 տարի է», - ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչոթյան պետ Կամո Բադանյանը: 
 
Ամեն մի վերելակի փոխարինման համար սահմանված է 40 աշխատանքային օր:  Նախքան շահագործվելը յուրաքանչյուր վերելակ հատուկ փորձաքննության է ենթարկելու: Ի դեպ, դրանք հարմարեցված կլինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:
 
Քաղաքացիների խնդիրը վերելակները խնամքով օգտագործելն ու պահպանելն է, քանի որ դրանք իրենց իսկ պատկանող բաժնային սեփականությունն են:
 
 
 
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն