«Որոշում կայացրել եմ, բայց...». Աղազարյանն ասել է` երբ կպատասխանի Փաշինյանի խնդրանքին
23-11-2024 13:21:11 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Նոյեմբերի 19–ին Հովիկ Աղազարյանին կանչել էին Հակակոռուպցիոն կոմիտե` կաշառքի գործով։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց պատգամավորը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին՝ մանդատները վայր դնել: Նարեկ Զեյնալյանը հետևել էր Փաշինյանի հորդորին։
«Ես որոշում կայացրել եմ, սակայն այն կհրապարակեմ երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին»,– տեղեկացրեց պատգամավորը:
Թե որ հարթակով դա կանի, Աղազարյանը դժվարացավ ասել` նշելով. «Եթե ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հեռախոսս տա, ապա ֆեյսբուքյան հարթակի միջոցով, եթե ոչ` կմտածեմ` ինչ անել»։
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին։ ՔԿ ղեկավարը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։
Քյարամյանի արած հայտարարության վերաբերյալ ավել ուշ նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ մամուլում պարբերաբար լուրեր էին տարածվում, որ Աղազարյանը շուտով մանդատը վայր է դնելու։
Հավելենք, որ ՀՀ կառավարության վերջին նիստում ՀՀ վարչապետի արած հայտարարությունից հետո Քյարամյանը հրաժարական տվեց, արդեն հայտնի է նույնիսկ այդ պաշտոնում նրան փոխարինողի անունը։