2008 Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ ՀԱՄԵՄԱՏ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԱ-Ն 9,8%-ՈՎ ԱՃԵԼ Է
20-06-2008 19:30:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ. հունվար-մայիսին
նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Հայաստանում ՀՆԱ-ն աճել է
9,8%-ով եւ կազմել 982 մլրդ 149,4 մլն դրամ (մոտ 2 մլրդ 871,1 մլն
ԱՄՆ դոլար): ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կազմել է 107,7%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա
հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ,
հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է
0,4%-ով եւ կազմել 287 մլրդ 712,1 մլն դրամ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքն աճել է 1,9%-ով եւ
կազմել 94 մլրդ 515,5 մլն դրամ, շինարարության ծավալը` 14,9%-ով եւ
կազմել 135 մլրդ 318,7 մլն դրամ, մանրածախ առեւտրաշրջանառությունը`
4,3%-ով եւ կազմել 331 մլրդ 918,7 մլն դրամ, իսկ ծառայությունների
ծավալը աճել է 10,6%-ով եւ կազմել 221 մլրդ 843 մլն դրամ:
ՀՀ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա
հունվար-մայիսի համեմատ աճել է 29,6%-ով եւ կազմել 1 մլրդ 982,1
մլն դոլար: Ընդ որում, արտահանումն աճել է 0,2%-ով եւ կազմել 421,9
մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 40,8%-ով եւ կազմել 1 մլրդ
560,2 մլն դոլար:
2008թ. հունվար-մայիսին սպառողական գները 2007թ.
հունվար-մայիսի համեմատ աճել են 8,9%-ով, իսկ արդյունաբերական
արտադրանքի գները` 4,7%-ով:
Այս տարվա մայիսի վերջին նախորդ տարվա նույն ժամկետի համեմատ
պաշտոնապես գրանցված գործազուրկների թվաքանակը նվազել է 22,1%-ով
եւ կազմել 76,4 հազ. մարդ:
Այս տարվա առաջին հինգ ամիսներին միջին ամսական անվանական
աշխատավարձը կազմել է 86,85 հազ. դրամ (նախորդ տարվա նույն
ժամանակահատվածի համեմատ աճել է 22,9%-ով), այդ թվում` բյուջետային
աշխատողներինը` 60,775 հազ. դրամ (աճել է 16,6%-ով), ոչ
բյուջետային հիմնարկների աշխատողներինը` 109,621 հազ. դրամ (աճել է
24,5%-ով): Այս տարվա հունվար-մայիսին 1 ԱՄՆ-ի դոլարի միջին
փոխարժեքը կազմել է 308,11 դրամ (2007թ. այդ ցուցանիշը կազմել է
342,08 դրամ):