ԱՄՀ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ<br />


ԱՄՀ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԸ

  • 17-06-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 17-ին հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Մարթա Կաստելո-Բրանկոյի, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Ումեսի եւ Հայաստանում ԱՄՀ գրասենյակի ներկայացուցիչների հետ: Մակրոտնտեսական քաղաքականությունների եւ կառուցվածքային բարեփոխումների քննարկման նպատակով մեր երկրում գտնվող ԱՄՀ առաքելությունը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը ներկայացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի զեկույցը` Հայաստանի հարկային բարեփոխումների վերաբերյալ: ԱՄՀ-ի հետ քննարկումները հիմք կծառայեն հիմնադրամի հետ համագործակցության նոր ծրագրի շուրջ կայանալիք բանակցությունների համար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը, ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: ԱՄՀ առաքելության ղեկավարը նշել է, որ հիմնադրամում քաջալերված են ՀՀ կառավարության ծրագրում արտացոլված հարկային ոլորտի բարեփոխումների նախանշումներով, որոնք, ըստ նրա, համահունչ են ԱՄՀ-ի առաջարկած սկզբունքներին: Առաքելության ներկայացուցիչների կարծիքով, ոլորտի բարեփոխումների ծրագիրը բավականին ամբողջական է, ուղղված է երկրում աղքատության կրճատմանը, տնտեսական աճի տեմպերի պահպանմանն ու կոռուպցիայի նվազեցմանը, եւ մնում է միայն այդ ամենը փոխկապակցված իրականացնել` նկատի առնելով նաեւ զեկույցում ներկայացված որոշակի դիտողություններն ու առաջարկները: Զեկույցի քննարկման ժամանակ շեշտվել է նաեւ բարեփոխումների տրամաբանության մասին հասարակությանը ժամանակին եւ մատչելի ձեւով իրազեկելու անհրաժեշտությունը: Տ.Սարգսյանը չափազանց հետաքրքիր է համարել զեկույցում առկա դիտարկումները, որոնք, նրա համոզմամբ, հիմք են ստեղծում հիմնադրամի հետ Հայաստանի հետագա համագործակցության, նոր ծրագրի մշակման եւ իրականացման համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play