ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումները Իրանում, բայց ոչ բոլոր օբյեկտներն են հասանելի. Գրոսի


 

ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումները Իրանում, բայց ոչ բոլոր օբյեկտներն են հասանելի. Գրոսի

  • 15-12-2025 12:11:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Տեսուչներին թույլատրվում է մտնել միայն այն օբյեկտներ, որոնք հարվածի տակ չեն հայտնվել։
 
ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումները Իրանում, բայց հիմնական օբյեկտների հասանելիություն չունի։ Գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այդ մասին ասել է ՌԻԱ Նովոստիին` մեկնաբանելով, Իրանի միջուկային օբյեկտների վրա հունիսյան հարվածներից հետո ստուգումների վերսկսման գործընթացում գործնական առաջընթացի առկայության մասին հարցը։
 
«Մեզ թույլատրվում է մտնել միայն այն օբյեկտներ, որոնք հարվածի տակ չեն հայտնվել։ Դա լավ է այն առումով, որ դրանք ներառված են ստուգման ենթակա օբյեկտների համաձայնեցված ցանկում։ Մեզ համար դա կարևոր է։ Բայց, իհարկե, մյուս երեք օբյեկտները (Նաթանզում, Սպահանում և Ֆորդոյում. խմբ.) ավելի կարևոր են, քանի որ դրանցում դեռ միջուկային նյութերի և սարքավորումների զգալի ծավալ կա, և անհրաժեշտ է, որ մենք վերադառնանք այնտեղ», - պարզաբանել է ՄԱԳԱՏԷ–ի ղեկավարը։
 
Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
 
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
 
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
 
Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը հրադադարի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը