Սերբիան ՆԱՏՕ-ի ու ամերիկյան ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի
07-03-2026 17:37:29 | Սերբիա | Ի՞նչ է գրում մամուլը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է մայիսին սերբական բանակի, ՆԱՏՕ-ի ու ամերիկյան ուժերի համատեղ զորավարժությունների անցկացման մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սերբիայի նախագահի հայտարարությունը։Վուչիչը, երկրի նախարարների, զինված ուժերի հրամանատարության և պետական ձեռնարկությունների ղեկավարության ներկայությամբ ներկայացրել է «Սերբիա 2030» ազգային զարգացման ռազմավարությունն՝ ընդգծելով, միաժամանակ, որ Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության պահպանումը։
«Մայիսին ՆԱՏՕ-ի և ամերիկացիների հետ զորավարժություններ կլինեն, և մենք կշարունակենք այլ դերակատարների և բոլորի հետ, քանի որ դա նպաստում է խաղաղության և կայունության պահպանմանը և մեր երկրի անվտանգության ապահովմանը։ Սակայն, պետք է հստակորեն նշել, որ Սերբիան եռանդուն կերպով պահպանում է իր ռազմական չեզոքությունը և լավ հարաբերություններ է կառուցում բոլորի հետ։
Մենք չենք կարող և երբեք չենք մոռանա 1999 թվականը (խմբ․՝ ՆԱՏՕ-ի կողմից Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի ռմբակոծումը), բայց կյանքը շարունակվում է, և մենք պատասխանատվություն ունենք»,-ասել է Սերբիայի նախագահը՝ ընդգծելով, որ խաղաղության պահպանումը Սերբիայի ազգային ռազմավարության գերակա խնդիրն է։2007 թվականին Սերբիայի խորհրդարանն ընդունել է պետության ռազմական չեզոքության մասին բանաձև, և նույն թվականին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Սերբիայի Սկուպշտինայի (խորհրդարանի) պատվիրակությունը ստացել է ասոցացված անդամի կարգավիճակ։