«Միասնության թևեր»-ը բազմազավակ ընտանիքներին խոստանում է անվճար բնակարան մարզերում
11-05-2026 15:34:51 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արման Թաթոյանը քարոզարշավի չորրորդ օրը ներկայացրել է քաղաքական ուժի ծրագրի կետերից մեկը՝ ուղղված բազմազավակ ընտանիքների աջակցությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թաթոյանը հայտարարել է՝ չորրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար մարզում բնակարան կտրվի։«Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում։ Սա շատ կարևոր և հաշվարկված մեր ծրագիրն է, որը պարտադիր պետք է իրականացվի։
Մենք պետք է խրախուսենք մեր ընտանիքներին, որ շատ ընտանիքներ կազմվեն, շատ երեխաներ ունենան։ Մեր բնակչությունը պետք է շատանա ու դրանով մեր պետությունն ուժեղանա։ Դա կարևոր է ապագայի համար»,- սոցցանցային տեսանյութով հայտարարել է նա։
Արման Թաթոյանի խոսքով՝ բազմազավակ ընտանիքների համար նախատեսված են նաև հարկային արտոնությունների հետ կապված այլ ծրագրեր, որոնք ևս փուլ առ փուլ կներկայացվեն։Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարն ընտրական ցուցակում 6-րդ է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: