Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է


 

Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է

  • 05-06-2026 17:40:03   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am  Եթե Միացյալ Նահանգները իր նախաձեռնությունը իրոք առաջ մղեր, կարծում եմ, մենք վաղուց նստած պիտի լինեինք բանակցությունների սեղանի շուրջ, և ռազմական գործողությունները դադարած կլինեին։ RT Arabic հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոյի դիտարկմանը, որ ուկրաինական հակամարտության մոտալուտ կարգավորման «շանսերը շատ բարձր չի գնահատում»։ Լավրովի գնահատմամբ, դա նշանակում է, որ «Բայդենի պատերազմը դարձել է Թրամփի պատերազմ», քանի որ ամերիկացիները «Բրյուսելում հիմա ասում են, որ միջնորդ չեն, ամուր կանգնած են Ուկրաինայի կողքին»։
 
Ռուսաստանի արտգործնախարարը քննադատել է Ռուբիոյին, որ Անքորիջի բանակցություններին ներկա է գտնվել և «ինքն է տեսել ռուսաստանյան կողմի տրամադրվածությունը»։ Լավրովը մասնակիորեն բացահայտել է, որ ուկրաինական ճակատում հրադադարի պայմանները «առաջարկել է Միացյալ Նահանգները և Ռուսաստանը համաձայնել» է, բայց այժմ ԱՄՆ կեցվածքը «տարբերվում է այն առաջարկություններից, որ ինքը ներկայացրել» է։ ՌԴ արտգործնախարարը նաև հրապարակայնացրել է, որ ԱՄՆ-ը «կողմերին առաջարկում է միմյանց հետ պայմանավորվել» և դա «այնքան էլ հետեւողական» չէ։ Ի վերջո, նա ընդհանրացրել է, որ ԱՄՆ և Եվրամիության դիրքորոշման «միջև էական տարբերություն չկա»։
 
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կայացել է անցյալ տարվա օգոստոսի 15-ին, որից մի քանի օր հետո տեղեկություն է տարածվել, որ Միացյալ Նահանգների նախագահը առաջարկել է ռազմական գործողությունները շփման գծով դադարեցնել, ուկրաինական զորքերը դուրս բերել Դոնեցկի մարզի վերջին հատվածից և անցնել քաղաքական քննարկումների։ Այդ առաջարկությունը հետագայում Մոսկվան «խմբագրել» է, իսկ Ուկրաինան ի սկզբանե մերժել է Դոնեցկի մարզը հանձնելու հնարավորությունը։
 
ՌԴ արտգործնախարարի հայտարարություններից հասկանալի է դառնում, որ Մոսկվան դժգոհ է ԱՄՆ «ոչ հետևողական» կեցվածքից։ Սկզբունքորեն Ռուսաստանի հիասթափվածության պատճառը ավելի խորքային է։ Լավրովը արձանագրել է, որ ԱՄՆ-ի հետ ազդեցության գոտիների վերաբաժանման քաղաքականությունը գործնական արդյունքի չի հասել, Պուտինին չի հաջողվել Թրամփին համոզել, որ «Եվրոպան այլևս ուժի ազդեցիկ կենտրոն» չէ։
 
Այս առումով ուշագրավ է թուրքական բանակի պաշտոնաթող գեներալ Քանդեմիրի դիտարկումը։ Նա տեսակետ է հայտնել, որ ԱՄՆ-ը ծրագրում է Թուրքիայի ազդեցությունը սահմանափակել Մերձավոր Արևելքում, մինչդեռ Թուրքիան «նախանցյալ դարից եվրոպական տերություն» է։ Ֆինլանդիայի նախագահ Ստրուբը Եվրամիությանը կոչ է արել արագացնել բալկանյան երկրների անդամակցությունը։ Ըստ երևույթին, Բրյուսելում մտահոգված են, որ Թուրքիան բալկանյան երկրներում ազդեցություն է տարածում։
 
Եթե ԱՄՆ-Ռուսաստան «պաուզան» երկարաձգվի, իսկ Լավրովի և Ռուբիոյի հեռակա բանավեճը ռուս-ամերիկյան «գործարքի» հավանականությունը շատ զգալիորեն նվազեցնում է, ապա Մոսկվան, ամենայն հավանականությամբ, «թուրքական աշխարհի» հետ մերձեցման ուղեգիծ է ընտրելու»։ Ադրբեջանի ուղղությամբ փոխվարչապետ Օվերչուկի, Պուտինի հատուկ ներկայացուցիչ Տիտովի և փոխարտգործնախարար Գալուզինի «սեթևեթանքները» Մոսկվա-Բաքու խորքային երկխոսության վկայություն են։ TRIPP նախագծի իրականացման հայ-ամերիկյան արդեն ստորագրված համաձայնագիրը կարո՞ղ է հակակշռել Ռուսաստան-Իրան տրանսպորտային միջանցքը։ Արևելք-արևմուտք «միջանցքը», որի մի «թևը» նախատեսվում է անցկացնել Հայաստանով, համատեղո՞ւմ է ԱՄՆ-ի, Եվրամիության և Չինաստանի շահերը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը