«Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքացիներին կոչ է անում առաջիկա ժամերին առավել ակտիվ մասնակցել ընտրություններին


 

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքացիներին կոչ է անում առաջիկա ժամերին առավել ակտիվ մասնակցել ընտրություններին

  • 07-06-2026 18:03:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը քաղաքացիներին կոչ է անում առավել ակտիվ մասնակցություն ունենալ խորհրդարանական ընտրություններին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արայիկ Հարությունյանը նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր շտաբում հրավիրված ասուլիսի ընթացքում։«Մենք քաղաքացիներին կոչ ենք անում առաջիկա ժամերին առավել ակտիվ լինել ընտրություններին մասնակցելու հարցում, և ես վստահ եմ, որ մենք 20։00-ից հետո, երբ ընտրությունների արդյունքներն ամփոփվեն, հերթական անգամ կարձանագրենք, որ ժողովրդավարությունը Հայաստանում ևս մեկ քայլ առաջ գնաց, և մեր ինստիտուտներն արձանագրեցին, որ շատ ավելի լավ են աշխատում, քան, օրինակ, 5 տարի առաջ»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը