10-06-2026 14:32:23 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Երեկ առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության մեղադրյալի կարգավիճակ ստացած Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում, հերքել իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն:
«Ազատության» հետ զրույցում նրա փաստաբանը փոխանցեց՝ նոր քրեական գործը հարուցվել է 7 տարի առաջ՝ 2019 թվականին, և իր բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնած Ծառուկյանն այդ մասին երեկ է տեղեկացել:
Փաստաբանն ասաց նաև, որ դեռ 2019-ին այդ բիզնես ընկերություններում ստուգումներ են արվել, և որևէ խախտում չի հայտնաբերվել: Նա, սակայն, չնշեց, թե որ մեծահարուստ գործարարի ընկերություններն են հայտնվել իրավապահների ուշադրության տակ: Ասաց՝ նախաքննության գաղտնիքից ելնելով շատ մանրամասներ չի կարող բացահայտել:
Երեկ էլ դատախազությունը հաղորդեց, որ պատգամավորության թեկնածու Ծառուկյանին մեղադրանք են առաջադրել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար: Ընդ որում, դատախազությունը ընտրական այս շրջանում անձեռնմխելիություն ունեցող Ծառուկյանին մեղադրանք է առաջադրել առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու: Ինչո՞ւ՝ իրավապահ կառույցը չի մանրամասնում, հորդորել է գրավոր հարցում անել:
Փաստաբան Էմին Խաչատրյանն ընդգծեց՝ դատախազությունը պարտավոր էր նախ դիմել ԿԸՀ, ստանար այդ կառույցի համաձայնությունը, նոր մեղադրանք առաջադրեր, միայն մեկ դեպքում կարող էին դա չանել, եթե պատգամավորի թեկնածուին ձերբակալեին հանցագործություն կատարելու պահին: Նման բան, բնականաբար, տեղի չի ունեցել՝ ասաց Էմին Խաչատրյանը: Մինչդեռ, այս հապշտապ քայլերը վկայում են իրենց քաղաքական նպատակների մասին՝ հավելեց փաստաբանն առանց բացելու փակագծերը:
Այսօր «Ազատությունը» ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանից հետաքրքրվել էր՝ Գագիկ Ծառուկյանը դեռ համարվո՞ւմ է պատգամավորի թեկնածու ու մինչև երբ է համարվելու, Հովակիմյանը պատասխանել էր. «Պատգամավորի թեկնածուի կարգավիճակը պահպանվում է մինչև մանդատների բաշխումը»:
Հարցին, թե այդ դեպքում երեկ ինչպե՞ս է Գլխավոր դատախազությունը առանց ԿԸՀ-ի համաձայնության մեղադրանք առաջադրել Գագիկ Ծառուկյանին, Հովակիմյանն արձագանքեց. «խնդրում եմ հարցերն ուղղել Գլխավոր դատախազությանը: Ես տեսել եմ հաղորդագրություն, որտեղ խոսվում է նախկին քրեական գործի մասին»: