Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար


 

Ղազախստան-Կիպրոս լոգիստիկան կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար

  • 07-06-2026 18:15:29   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am  Հունիսի 6-ին Աստանայում կայացել է Ղազախստանի և Կիպրոսի նախագահներ Կասիմ Ժոմարթ Տոկաևի և Նիկոս Խրիստոդուլիդիսի հանդիպումը։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի պաշտոնական akorda.kz կայքը։ Ղազախստանի նախագահը Կիպրոսի նախագահին պարգևատրել է առաջին աստիճանի «Դոստլիկ/ Բարեկամություն» շքաշանով։ Տոկաևը ասել է, որ պարգևատրումը վկայում է երկու երկրների միջև «իրոք հաստատված բարեկամությունը»։
 
Բանակցությունների ավարտին Տոկաևը և Խրիստոդուլիդիսը համատեղ մամուլի ասուլիս են անցկացրել։ «Մենք անհանգստացած ենք գլորբալ աշխարհաքաղաքական իրավիճակի սրացմամբ և հակամարտությունների թվի աճով։ Երկու երկրները հավատարիմ են այն սկզբունքին, որ ցանկացած հակամարտություն պետք է կարգավորվի միայն խաղաղ-դիվանագիտական ճանապարհով։ Մենք պայմանավորվել ենք ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և միջազգային այլ կառույցներում համատեղ և արդյունավետ աշխատելու մասին»,- ասել է Ղազախստանի նախագահը և ամփոփել, որ Ղազախստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ․ «Ղազախստանը հարգում է այլ պետությունների տարածքային ամբողջականությունը և բոլոր երկրներին կոչ է անում այդ սկզբունքին առաջնահերթ ուշադրություն դարձնել»։
 
Իր հերթին Կիպրոսի նախագահը կարևորել է երկու երկրների միջև «կանոնավոր շփումների կարեւորությունը»։ Նա հավելել է, որ ուրախ է Ղազախստանի հետ մի քանի առանցքային ոլորտներում համագործակցության մասին հուշագիր ստորագրելու համար։ «Այդ համաձայնությունները միայն տեխնիկական փաստաթղթեր չեն, այլ առարկայական վկայություն, որ մենք վճռական ենք երկկողմ հարաբերությունների ներուժը վերածել ավելի համակարգված և բովանադակային համագործակցության»,- եզրափակել է Նիկոս Խրիստոդուլիդիսը։
 
Կիպրոսի նախագահի Աստանա այցը չափազանց կարևոր է այն իմաստով, որ հաջորդում է Թուրքիայի նախագահի այցին և Թուրքեստանում Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովին, որին ներկա է գտնվել Կիպրոսի հյուսիսի թուրքական վարչակախմբի ղեկավար Էրհյուրմանը, որ, սակայն, արարողակարգային լուսանկարում տեղ չի ունեցել։ Անցյալ տարի Սամարղանդում գումարված Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում հատուկ ընդգծվել է, որ կողմերը ճանաչում են Կիպրոսի ամբողջականությունը։ Ղազախստանը, թեև ԹՊԿ անդամ է, բայց պարտավորված է չճանաչել Կիպրոսի հյուսիսի թուրքական կազմավորումը։ Հունիսի 6-ին Տոկաևը վերահաստատել է այդ հանձնառությունը։
 
Կիպրոսի նախագահի Աստանա այցի երկրորդ, թերեւս ավելի էական, կարևորությունը նրանում է, որ մինչ այդ կայացել է Ղազախստանի և Իսրայելի նախագահի հանդիպումը։ Ղազախստանը հետխորհրդային տարածքի առաջին և առայժմ միակ երկիրն է, որ միացել է «Աբրահամի համաձայնություններին», ինչը ենթադրում է Իսրայելի հետ հարաբերությունների մակարդակի կտրուկ բարձրացում։ Իսրայելը Միջերկրականի արևելյան հատվածի անվտանգության ապահովման հարցում ռազմական համագործակցություն է հաստատել Կիպրոսի հետ։ Տոկաևը խոսել է Կիպրոսի նավահանգստային ենթակառուցվածքները Եվրամիության հետ առևտրի նպատակով օգտագործելու հնարավորության մասին՝ ընդգծելով Կենտրոնական Ասիա-Կասպյան ավազան-Կիպրոս լոգիստիկայի կարևորությունը։ Հայաստանը Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերություններ ունի։ Ղազախստան-Կիպրոս լոգիստիկ առանցքը կարող է «պատուհան լինել» նաև Հայաստանի համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը