ԱՊՀ դիտորդները չեն հայտնաբերել այնպիսի խախտում, որը կազդեր ԱԺ ընտրության արդյունքների վրա


 

ԱՊՀ դիտորդները չեն հայտնաբերել այնպիսի խախտում, որը կազդեր ԱԺ ընտրության արդյունքների վրա

  • 08-06-2026 12:30:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Առաքելության ներկայացուցիչները կարծում են, որ իրականացվել է ակտիվ քարոզարշավ` քաղաքական մրցակիցների միջև սուր մրցակցությամբ։
 
Հայաստանում ԱՊՀ դիտորդական առաքելությունը չի հայտնաբերել որևէ խախտում, որը կարող էր ազդել ԱԺ ընտրությունների արդյունքների վրա։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Սեյտիմովը։
 
«Դիտորդների արձանագրած առանձին բացթողումները տեխնիկական բնույթ էին կրում և արագ շտկվում տեղամասային հանձնաժողովների կողմից: Որևէ խախտում, որը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, առաքելությունը չի հայտնաբերել», – ասաց նա։
 
Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան, եղել են բաց ու մրցակցային։ Նա նշեց, որ ընդհանուր առմամբ քարոզարշավն ակտիվ է ընթացել և առանձնացել է քաղաքական մրցակիցների միջև սուր մրցակցությամբ։
 
Առաքելության ներկայացուցիչներն այցելել են ավելի քան 750 ընտրատեղամասեր ՀՀ 9 մարզերում: Առաքելությունն արձանագրել է, որ ընտրատեղամասերը բացվել են ժամանակին, քվեարկությունն անցկացվել է Ընտրական օրենսգրքին համապատասխան, տեխնիկական սարքավորումները գործել են անխափան։ Ընտրատեղամասերի մեծ մասում օգտագործվել է տեսահսկողություն, ձայների հաշվարկի գործընթացը իրականացվել է ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան։
 
Հիշեցնենք` Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է 2005 տեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը