ԱՄՆ-ը «ինքնապաշտպանական» հարվածներ է հասցրել Իրանին՝ ամերիկյան Apache ուղղաթիռի խոցումից հետո
10-06-2026 10:25:50 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. ԱՄՆ-ը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան Apache ուղղաթիռի խոցման։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ հարվածները մեկնարկել են երեկ՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով և որակվում են որպես «ինքնապաշտպանական գործողություն»։
«Առաքելությունը համաչափ պատասխան է Իրանի չհրահրված ագրեսիային», - նշված է գերատեսչության հայտարարությունում։ Հարվածների թիրախների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել։
Իրանական Fars գործակալությունը հայտնել է, որ պայթյունների ձայներ են լսվել Հորմոզգան նահանգի արևելյան հատվածներում, իսկ Mehr գործակալության տվյալներով՝ պայթյուններ են գրանցվել նաև Սիրիկ նավահանգստի շրջանում։ Տեղի բնակիչները պայթյունների մասին հաղորդել են նաև Քեշմ կղզում և Ջասկ քաղաքում։
Ավելի վաղ նախագահ Թրամփը Truth Social-ում գրել էր, թե Իրանը խոցել է ամերիկյան «բարձր տեխնոլոգիական Apache ուղղաթիռներից մեկը», և որ Միացյալ Նահանգները «պարտավոր է արձագանքել այդ հարձակմանը»։ Նա նշել էր, որ ուղղաթիռի երկու օդաչուներն անվնաս են։
Մինչ այդ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել էր, որ Օմանի ափերի մոտ պարեկային առաքելություն իրականացնող AH-64 Apache ուղղաթիռը վթարի է ենթարկվել, իսկ անձնակազմի երկու անդամները փրկվել են և գտնվում են կայուն վիճակում։
Սակայն ամերիկյան զինվորականները նշել էին, որ միջադեպի պատճառները դեռևս հետաքննվում են, և պարզ չէ՝ ուղղաթիռը խոցվել է իրանական կրակոցից, տեխնիկական անսարքությունից, թե այլ հանգամանքների հետևանքով։