Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
10-06-2026 15:39:16 | | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Միացյալ Նահանգները պետք է իր միջուկային սպառազինությունները դուրս բերի Եվրոպայից և բացահայտի դրանց տեղաբաշխման ենթակառուցվածքները։ Այդ մասին, ինչպես փոխանցել է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Անդրեյ Բելաուսովը։ Ըստ ռուսաստանցի դիվանագետի, «նկատի ունենալով, որ Ռուսաստանի տարածքում քաղաքացիական և ռազմական կարևորագույն ենթակառուցվածքները կարող են խոցվել, Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքը ըստ էության ռազմավարական» է, ուստի Ռուսաստանը «պնդում է, որպեսզի այն Եվրոպայից դուրս բերվի և վերադարձվի ԱՄՆ»։
ՏԱՍՍ-ի պարզաբանմամբ, ավելի վաղ Finacial Times-ը գրել է, որ ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները «քննարկում են Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքում միջուկային զենք կրելու ունակ ամերիկյան ինքնաթիռների տեղաբաշխման հնարավորությունները»։ Այլ տեղեկություններով՝ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները նման հեռանկարը պայմանավորել են Ռուսաստանի «միջուկային շանտաժը դիմագրավելու անհրաժեշտությամբ»։
ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպանի հայտարարությունը տարածվել է բավական տագնապահարույց իրավիճակում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հունիսի 9-ի հայտնել է, որ Ռուսաստանը «դրոնային հարված է հասցրել Չեռնոբիլի ԱԷԿ-ի մոտ միջուկային թափոնների պահեստարանին»։ Զելենսկին ասել է, որ «ռադիացիայի վտանգավոր աճ չի արձանագրվել, բայց ֆոնային փոփոխություն տեղի է ունեցել»։ Ուկրաինայի նախագահի գնահատմամբ՝ Ռուսաստանը «Եվրոպային միջուկային սպառնալիք է ներկայացրել»։ Նույն օրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը «բացարձակապես անընդունելի» է համարել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու և շփման գիծը ֆիքսելու մասին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների առաջարկությունը։
Եվրոպայից ամերիկյան միջուկային սպառազինությունները հեռացնելու պահանջը վկայում է, որ Ռուսաստանը չի բացառում տարբերակ, երբ ստիպված կլինի տակտիկական միջուկային մարտագլխիկներ կիրառել։ Ռուսաստանցի դիվանագետի ձևակերպումներից հասկացվում է, որ Մոսկվան ձգտում է խուսափել ԱՄՆ հետ առճակատումից։
Բացառված չէ, որ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը ԱՄՆ-ին միջնորդական առաքելության վերադառնալու խնդրանք է, բայց «դեմք պահելու» համար դա ներկայացնում է որպես միջուկային գերտերությունների միջև «անվտանգության երաշխիքների փոխանակում»։ Ամեն դեպքում, կարծես, ակնհայտ է, որ Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու ոչ մի մտադրություն չունի։