«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի՝ Վահե Թավաքալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը
11-06-2026 19:18:43 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Նախընտրական շրջանում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Վահե Թավաքալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Այս մասին 1lurer.am-ից տեղեկացնում են ՔԿ-ից:
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Հայկ Ավագյանի, Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը, հայտարարվել էր հետախուզում։
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:
Նախաքննության ընթացքում թեկնածուներից 2-ը հայտնաբերվել են, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: