Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2025 թ. իրականացրել է 17 բյուջետային ծրագիր և 106 միջոցառում


 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2025 թ. իրականացրել է 17 բյուջետային ծրագիր և 106 միջոցառում

  • 11-06-2026 19:45:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը 2025 թվականին ուղղված է եղել սոցիալական պաշտպանության համակարգի շարունակական զարգացմանը, սոցիալական ծառայությունների հասանելիության եւ որակի բարձրացմանը, բնակչության խոցելի խմբերի աջակցության ապահովմանը, ինչպես նաեւ Կառավարության ծրագրով եւ ոլորտային ռազամավարություններով սահմանված առաջնահերթությունների իրականացմանը::
 
Զեկուցողի խոսքով հաշվետու ժամանակահատվածում նախարարության կողմից իրականացվել է 17 բյուջետային ծրագիր եւ 106 միջոցառում: Նշված ծրագրերի իրականացման համար պետական բյուջեով նախատեսվել էր 905,6 մլրդ դրամ: Տարվա ընթացքում կատարված ճշտումների արդյունքում բյուջեն կազմել է 900,8 մլրդ դրամ, փաստացի ծախսերը՝ 874,1 մլրդ դրամ, կատարողականը ճշտված պլանի նկատմամբ կազմել է 97 տոկոս: Այս ցուցանիշը 2,5 տոկոսով կամ 21,6 մլրդ դրամով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:
 
Նախարարն ընդգծել է, որ 2025 թվականին շարունակել է նվազել աղքատության մակարդակը: Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում նվազել է 1,1 տոկոսից 0,6 տոկոս: «Այս դրական միտումը պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանում արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշների բարելավմամբ, տնտեսական աճով, հասցեական սոցիալական քաղաքականությունների իրականացմամբ»,- նշել է զեկուցողը եւ հավելել, որ 2025 թվականին «Անապահով եւ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող սոցիալական խմբերին աջակցության» ծրագրին հատկացվել է շուրջ 21,1 մլրդ դրամ՝ ապահովելով 92 տոկոս կատարողական: Ծրագրի ծախսերը նախորդ տարվա համեմատ նվազել են 12,1 տոկոսվ կամ 2,9 մլրդ դրամով:
 
Արսեն Թորոսյանի տեղեկացմամբ Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել են անապահովության գնահատման նոր համակարգի կիրառման կարգն ու պայմանները, եւ մարտի 17-ից համակարգը ներդրվել է Կոտայքի եւ Սյունիքի մարզերում, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից կներդրվի ամբողջ հանրապետությունում:
 
Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների գծով ծախսերը կազմել են շուրջ 20,6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 13,3 տոկոսով: 2025 թվականին նպաստ է ստացել 50,584 ընտանիք՝ նախատեսված 50,200-ի եւ 2024 թվականին՝ 67,037 ընտանիքի դիմաց:
 
«Ժողովրդագրական վիճակի բարելավման» ծրագրին պետբյուջեից հատկացվել է շուրջ 74,3 մլրդ դրամ՝ ապահովելով ծրագրային ցուցանիշի 97,9 տոկոսը: 2025 թվականին մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է ստացել 60,582 քաղաքացի՝ կանխատեսված՝ 63,550 եւ 2024 թվականի՝ 58,796-ի դիմաց: Ծախսերը կազմել են 28 մլրդ դրամ:
 
Նախարարը մանրամասն ներկայացրել է նաեւ հաշվետու շրջանում իրականացված այլ ծրագրերը:
 
Արսեն Թորոսյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել աղքատության հաղթահարմանն ուղղված բյուջետային ծախսերի եւ ծրագրերի, անապահովության գնահատման նոր համակարգի, աշխատաշուկայում ներառականության ապահովման վերաբերյալ:
 
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 11-ի համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները:
 
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն