ԱՄՆ-Իրան նախաստորագրված հուշագրի մասին. Շահան Գանտահարյան
17-06-2026 14:10:05 | Լիբանան | Մեկնաբանություն
ԱՄՆ-Իրան նախաստորագրված հուշագրի մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
-Վերջին օրերին մեծ ուշադրության կենտրոնում է ԱՄՆ–Իրան փոխըմբռնման հուշագիրը։ Ի՞նչ կարևորություն ունի այս փաստաթուղթը։
-Թեև հուշագիրը պաշտոնապես դեռ չի հրապարակվել, դրա հիմնական կետերը հայտնվել են միջազգային լրատվամիջոցներում։ Դրանք վկայում են, որ կողմերը նախնական համաձայնության են հասել մի շարք առանցքային հարցերի շուրջ։ Հուշագրի 14 կետերում Իրանը ստացել է կարևոր երաշխիքներ և զգալի քաղաքական ու տնտեսական ձեռքբերումներ։
-Որո՞նք են Իրանի ամենակարևոր ձեռքբերումները։
- Առաջին հերթին՝ դադարեցվում են ռազմական գործողությունները ոչ միայն Իրանի, այլև նրա արտաքին հենակետերի դեմ։ Հատուկ ուշադրություն է դարձվում Լիբանանին, որը Իրանի համար սկզբունքային նշանակություն ունի։ Բացի այդ, նախատեսվում է պատժամիջոցների վերացում, սառեցված ակտիվների ապասառեցում և էներգակիրների արտահանման իրավունքի վերականգնում։
-Ինչո՞ւ է Լիբանանի հարցն առանձնապես կարևոր։
- Իսրայելը փորձում էր Լիբանանը դուրս թողնել ընդհանուր համաձայնությունից, մինչդեռ Իրանը պնդում էր, որ Լիբանանը պետք է ներառվի ցանկացած կարգավորման գործընթացում։ Այս հարցում Թեհրանը կարողացավ իր դիրքորոշումը պահպանել և այն դարձնել բանակցությունների բաղկացուցիչ մաս։
-Հուշագրում ի՞նչ է ասվում ինքնիշխանության և ներքին գործերին չմիջամտելու մասին։
-Այդ դրույթը, ըստ էության, ուղղված է Միացյալ Նահանգներին։ Այն ենթադրում է Իրանի ինքնիշխան իրավունքների ճանաչում և ներքին քաղաքական գործընթացներին արտաքին միջամտության բացառություն։ Սա կարևոր քաղաքական երաշխիք է Թեհրանի համար։
- Ի՞նչ ժամկետներ են նախատեսված բանակցությունների համար։
- Սահմանվել է 60-օրյա բանակցային շրջան, որը անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել։ Այսինքն՝ հուշագիրը դեռ վերջնական համաձայնություն չէ, այլ նոր բանակցային փուլի մեկնարկ։
-Ի՞նչ է նախատեսվում ծովային անվտանգության ոլորտում։
-ԱՄՆ-ը պարտավորվում է վերացնել ծովային շրջափակումը, իսկ Իրանը՝ չխոչընդոտել նավարկությանը։ Բացի այդ, Իրանը պետք է լուծի նավարկության հետ կապված տեխնիկական խնդիրները և իրականացնի ծովային տարածքների ականազերծում։
-Ի՞նչ է նախատեսվում պատժամիջոցների հարցում։
- Հուշագիրը ներառում է տասնամյակների ընթացքում կուտակված պատժամիջոցների վերացման դրույթ։ Միաժամանակ նշվում է, որ նոր պատժամիջոցներ չեն կիրառվելու։ Սա տնտեսական առումով ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է Իրանի համար։
-Իսկ միջուկային ծրագրի վերաբերյալ ի՞նչ պայմանավորվածություն կա։
-Իրանը վերահաստատում է, որ չի ձգտում միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը վաղուց է հայտարարում, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ ունի, և հուշագրում այս մոտեցումը կրկին ամրագրվում է։
-Կարելի՞ է ասել, որ Իրանը դուրս է գալիս մեկուսացումից։
- Եթե հուշագրի դրույթներն ամբողջությամբ իրականացվեն, ապա Իրանը կվերականգնի իր տնտեսական հնարավորությունների զգալի մասը, կստանա հասանելիություն իր սառեցված միջոցներին և կթուլացնի պատժամիջոցային ճնշումը։ Այս առումով կարելի է խոսել միջազգային մեկուսացման էական մեղմացման մասին։
- Ո՞րն է այս փաստաթղթի գլխավոր նորությունը։
- Ամենակարևոր նորությունը միասնական գործիքակազմի ստեղծման գաղափարն է։ Դա նշանակում է ոչ միայն խնդիրների համատեղ կարգավորում, այլև տնտեսական համագործակցության նոր մեխանիզմների ձևավորում։ Այստեղ արդեն խոսքը միայն քաղաքական պայմանավորվածությունների մասին չէ, այլ նաև ընդհանուր տնտեսական շահերի և ֆինանսական եկամուտների բաշխման։
- Այսպիսով, առաջիկա բանակցությունների առանցքում ի՞նչն է լինելու։
- Ամենայն հավանականությամբ՝ տնտեսական և ֆինանսական շահերի բաշխումը։ Քաղաքական շրջանակները հիմնականում արդեն նախանշված են, իսկ հաջորդ փուլում կողմերը կփորձեն համաձայնության գալ տնտեսական համագործակցության և հնարավոր շահույթների բաժանման շուրջ։