1in.am Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ առողջարանային քաղաքում մեկնարկել են իրանաժամերիկյան «տեխնիկական բանակցությունները»։ Բյուրգենշտոկ են ժամանել նաև Պակիստանի վարչապետ Շարիֆը և Կատարի արտաքին գործերի նախարար ալ-Թանինը։ Իսրայելական vesty-ն փոխանցել է, որ ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, իրանականը՝ խորհրդարանի նախագահ Ղալիբաֆը։ Վերջինս, սակայն, բանակցությունների սրահում ներկա չի գտնվել։
Իսրայելական լրատվամիջոցը մեջբերել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի բացման խոսքը։ «Վերջին մի քանի ժամերին մենք հասել ենք նշանակալի առաջընթացի։ Խնդիր է, թե կկարողանա՞նք մենք ընդմիշտ փոխել Մերձավոր Արևելքի իրավիճակը»,- ասել է նա և կոնկրետացրել, որ Իրանը «եղել է տարածաշրջանային անկայունության աղբյուր, և նախագահ Թրամփը խնդրել է նոր էջ բացել և արմատապես փոխել իրանական ժողովրդի հետ մեր հարաբերությունները»։
Մինչ Իրանին և Միացյալ Նահանգներին սպասվում է առնվազն վաթսունօրյա դիվանագիտական «մարաթոն»,-եթե, իհարկե, Բյուրգենշտոկի հանդիպումը «տեխնիկական համաձայնություններ» ապահովի,- Բաքվի միանգամից մի քանի իշխանական լրատվամիջոցներ անդրադարձել են SNN-ին Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան, ներկայումս նախագահի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Մուսավիի օրեր առաջ տված հարցազրույցին, որտեղ նա, բարձր գնահատելով Հայաստանի հետ հարաբերությունները, կասկած է հայտնել, թե «հայտնի չէ՝ Իրանի սահմանին աշխատանքներում ներգրավվող ամերիկյան կառույցները քաղաքացիակա՞ն են, թե՞ ռազմական»։
Ադրբեջանական երեք լրատվամիջոց՝ haqqin- ը, minval politika-ն և oxu.az-ը տարածել են քաղաքագետ Գաբիլ Հուսեյնլիի տեսակետը, ըստ որի՝ «այն, ինչի մասին զգուշացնում էր Ադրբեջանը, իրականություն է դառնում, Հայաստանը Իրանի հետ սահմանին եվրոպացի դիտորդներ է տեղաբաշխել, իսկ Թեհրանը կասկածներ չէր ունենա, եթե ժամանակին ընդուներ Բաքվի հիմնավորումները»։ Ի՞նչ «հիմնավոորումներ» է ունեցել Ադրբեջանը, կարելի է ենթադրել։
Բայց ավելի «զգայուն» է, թե հրապարակային հանդես գալով TRIPP նախագծի «շուտափույթ իրականացման օգտին», ադրբեջանական կողմը ինչո՞ւ այդքան «սրտամոտ է ընդունել» Բաքվում Իրանի նախկին դեսպանի «անհանգստությունը»։ Ըստ երևույթին, Ադրբեջանի բուն մտահոգությունը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր «գործարքն» է։
Այն կայանալու դեպքում, ամենայն հավանականությամբ, TRIPP-ի հետ «կապված իրանական մտահոգությունները մեծ մասով կփարատվեն», ինչպես նաև Ադրբեջանը կկորցնի իսրայելական «պլացդարմի» և Կասպյան-սեւծովյան ավազանում ԱՄՆ «միակ ռազմավարական դաշնակիցը լինելու» և այդպիսով Հարավային Կովկասում «հեգեմոն երկրի կարգավիճակ ստանալու» հնարավորությունը։ Եթե Ալիևը համոզվի, որ ԱՄՆ-ի «միակ հենարան» չի լինելու, այդ դերի համար «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»։ Հայաստանի արմատական ընդդիմությունը միավորվում է, որպեսզի երկրի «կապիտուլյացիան կանխի»։ Բայց դա ի՞նչ «կապիտուլյացիա» է, որի համար Ադրբեջանը խորապես ափսոսում է։