«Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»․ Փաշինյան
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

«Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»․ Փաշինյան

07-08-2026 12:20 Հայաստան Քաղաքականություն
«Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»․ Փաշինյան
 
Ազատություն. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների հետ համագործակցության խորացումը շարունակում է մնալ արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական առաջնահերթություններից մեկը։
 
Չոլպոն-Ատայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում վարչապետն ասել է, որ այս մոտեցումը կարտացոլվի նաև նոր կառավարության ծրագրում։
 
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ հիմնարար սկզբունքներին, որոնցից մեկը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժն է, սակայն գործնականում այդ սկզբունքները լիարժեք չեն իրականացվում, ինչը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը։
 
Անդրադառնալով Եվրամիությանն անդամակցելու հարցին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը հասկանում է՝ ԵԱՏՄ-ին և Եվրամիությանը միաժամանակ անդամակցել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հայ ժողովրդի առջև այսօր նման ընտրության հարց չի կանգնած, քանի որ Հայաստանը դեռ պատրաստ չէ Եվրամիության անդամակցությանը։
 
Վարչապետի խոսքով, ՀՀ-ն ի գիտություն է ընդունել ԵԱՏՄ 4 երկրների հայտարարությունը՝ ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ։ «Չենք կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի»։
 
Նրա խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության ներկայիս հարաբերություններում չկան իրավական, տնտեսական կամ քաղաքական պարտավորություններ, որոնք կհակասեն Հայաստանի՝ ԵԱՏՄ շրջանակում ստանձնած պարտավորություններին։
 
 
Նոյյան տապան   |   Քաղաքականություն

Կարդացել են 82 անգամ