Փաշինյանը Կաթողիկոսին կոչեց ավազանի անունով․ ընդդիմությունը հարվածեց սեղաններին
24-08-2026 11:50 Հայաստան Քաղաքականություն
Ազատություն. Վարչապետն այսօր Ազգային ժողովում նաև անդրադարձավ նաև եկեղեցուն: Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Ամենայն Հայոց կաթողիկոսին ավազանի անունով կոչեց, ինչից հետո ընդդիմադիր խմբակցությունները սկսեցին ձեռքերով հարվածել սեղաններին՝ ի նշան բողոքի: Այդ ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամները ծափահարում էին:
«Կտրիճ Ներսիսյանի ուղիղ հրահանգին ենթարկվող մի շարք հոգևորականներ Սուրբ և անմահ պատարագների ժամանակ խորանից կոչ են հղում Աստծուն, որ պահպանի Արցախի Հանրապետություն՝ այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի ինստիտուտ՞ Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է: Այս կոչերը հղում են ու հետո ասում են՝ ևս խաղաղության Աստծուն աղաչել: Պատերազմի կոչ անելով Աստծուն պետք չի աղաչել խաղաղության համար, պետք է խաղաղությանը տեր կանգնել», - հայտարարեց վարչապետը:
Ազգային ժողովում այսօր քննարկվում է Հայաստանի նոր կառավարության ծրագիրը, որտեղ առանձին գլուխ է նվիրված եկեղեցուն՝ նշելով, որ «ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն»։
Կաթողիկոսին գահընկեց անելու Փաշինյանի նպատակը ամրագրվել է նաև իր ղեկավարած կուսակցության ծրագրում: Նախընտրական ծրագրով խոստանում էր մինչև 2031 թվականը հեռացնել Գարեգին 2-րդին: Մայր Աթոռի դեմ Փաշինյանի արշավը գագաթնակետին հասավ հատկապես վերջին մեկ տարում: Քրեական գործեր հարուցվեցին Կաթողիկոսի ու Մայր Աթոռին սատարող եպիսկոպոսների դեմ: Մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ ամիսներ շարունակ բանտում էին՝ տարբեր մեղադրանքներով: