Իրանը կոչ է արել բոլոր երկրներին հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց
28-08-2026 17:00 Իրան Քաղաքականություն
shantnews.am Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջոց։ Նման կոչով հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցները՝ անկախ դրանց անվանումից և ձևից, բացարձակապես անօրինական և անհիմն միջոցներ են, որոնք խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները։ Ելնելով դրանից՝ բոլոր երկրները պարտավոր են ձեռնպահ մնալ նման պատժամիջոցներին ենթարկվելուց և դրանք կիրառելուց։ Բացի այդ, բոլոր պետությունները պարտավոր են չճանաչել և չաջակցել այդ անօրինական գործողություններից բխող իրավիճակներին կամ հետևանքներին»,- ասվում է հայտարարությունում։
Իրանի ԱԳՆ-ում կարծում են, որ այլ երկրների մասնակցությունը ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ մղվող տնտեսական պատերազմին կնշանակի «մեկ պետության կամքի անօրինական պարտադրում մյուս անկախ երկրներին», ինչը ՄԱԿ-ի կանոնադրության ևս մեկ կոպիտ խախտում է։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի դեմ աննախադեպ մասշտաբների «տնտեսական պատերազմի և մեկուսացման» մեկնարկի մասին։ Ամերիկացի առաջնորդը նաև նախազգուշացրել էր, որ այն երկրները, որոնց ֆինանսական հաստատությունները, ձեռնարկությունները, օդանավակայանները կամ պետական կառույցները աջակցություն կցուցաբերեն Թեհրանին, ԱՄՆ-ի կողմից կբախվեն լուրջ տնտեսական հետևանքների։