Քննարկվել են արդարադատության ոլորտում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացմանն ուղղված հնարավորությունները
Նոյյան Տապան
AM RU EN WA FR

Քննարկվել են արդարադատության ոլորտում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացմանն ուղղված հնարավորությունները

23-09-2026 18:49 Հայաստան Մամլո հաղորդագրություն
Քննարկվել են արդարադատության ոլորտում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացմանն ուղղված հնարավորությունները
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հնարավորությունները:
 
Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է հիմնական առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները՝ անդրադառնալով՝ դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումներին:
 
Անդրադարձ է կատարվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում իրականացվող աշխատանքներին։
 
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարարը նշել է, որ ներկայում հանրային քննարկման է ներկայացվել Անձնական տվյալների պաշտպանության ոլորտի օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որի նպատակն է ունենալ անձնական տվյալների պաշտպանության անկախ մարմին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր Սահմանադրության նախագծի հրապարակման և հանրային քննարկման ներկայացմանն առնչվող հարցեր։ Նախարարն ընդգծել է սահմանադրական բարեփոխումների գործընթացում հանրային լայն մասնակցության և կառուցողական քննարկումների կարևորությունը։
 
Սրբուհի Գալյանը կարևորել է նաև «Արբիտրաժային օրեր» միջոցառումը՝ ընդգծելով դրա նշանակությունը վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացման, արբիտրաժային մշակույթի ձևավորման և Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան վեճերի արդյունավետ լուծման գործիքների կիրառման խթանման գործում։
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև իրավահավասարության ապահովման և խտրականության կանխարգելման ոլորտին առնչվող հարցեր: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստ են համագործակցել արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
 
Կողմերը կարևորել են երկու երկրների միջև ձևավորված համագործակցության շարունակականության ապահովումը:
Նոյյան տապան   |   Մամլո հաղորդագրություն

Կարդացել են 51 անգամ