ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԳՈԼՈԴՈՄՈՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
23-10-2008 19:04:00 | Ֆրանսիա | Միջազգային
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրախորհրդարանը
ուկրաինական գոլոդոմորը ճանաչել է մարդկության դեմ
հանցագործություն եւ ցավակցություն հայտնել ուկրաինական ժողովրդին:
Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի բանաձեւում, որը հոկտեմբերի
23-ին հավանության է արժանացել Ստրասբուրգում կայացած նիստում:
Բանաձեւը բաղկացած է երկու կետից, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Առաջին կետում գոլոդոմորը ճանաչվում է սարսափելի
հանցագործություն ուկրաինական ժողովրդի եւ մարդկության դեմ, խստիվ
դատապարտվում են այդ գործողությունները, մասնավորապես ուկրաինական
գյուղացիության դեմ, որոնք ուղեկցվել են մարդկանց զանգվածային
ոչնչացմամբ եւ իրավունքների եւ ազատությունների խախտմամբ, հարգանքի
տուրք է մատուցվում բոլոր նրանց հիշատակին, ովքեր մահացել են
1932-1933 թվականների արհեստական սովի հետեւանքով, ինչպես նաեւ կոչ
է արվում նախկին ԽՍՀՄ երկրներին բացել Գոլոդոմորի մասին արխիվները`
այդ ողբերգության կազմակերպման վերաբերյալ ուսումնասիրությունների
իրականացման համար:
Բանաձեւի երկրորդ կետում առաջարկվում է հանձնարարել
Եվրախորհրդարանի նախագահին բանաձեւի տեքստը ուղարկել ԵՄ Խորհրդին,
Եվրահանձնաժողովին, Ուկրաինայի նախագահին եւ կառավարությանը, ՄԱԿ-ի
գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին եւ Եվրոպայի
Խորհրդի գլխավոր քարտուղարին: