ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՌԴ ԵՎ ԱՄՆ-Ի ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
22-10-2008 18:16:00 | Ֆինլանդիա | Միջազգային
ՀԵԼՍԻՆԿԻ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 21-ին
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի արվարձանում կայացել է
Ռուսաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովի եւ ԱՄՆ-ի շտաբի
պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մայքլ Մուլենի հանդիպումը:
Ամերիկացի բարձրաստիճան մի զինվորական, մեկնաբանելով
հանդիպման փաստը, «Ֆրանսպրեսին» անանուն մնալու պայմանով հայտնել
է, որ «ստրատեգիական առումով կարեւոր է համարում Ռուսաստանի հետ
ԱՄՆ-ի երկխոսության շարունակումը», «իմաստավորված
փոխհարաբերությունները» Մոսկվայի հետ տեւական ժամանակամիջոցի
համար:
Ամերիկացի զինվորականը պնդում է, որ Մուլենի հետ անձնական
հանդիպման մասին խնդրել է պարոն Մակարովը, եւ ամերիկացի գեներալը
դա «դրական քայլ» է համարել: Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է,
որ Միացյալ Նահանգները նույնպես կողմնակից է Ռուսաստանի հետ
ռազմական ասպարեզում «բաց երկխոսություն», ինչը դադարեցվել էր
Վրաստանի իրադարձություններից հետո:
Ըստ Նիկոլայ Մակարովի, նա Մայքլ Մուլենի հետ պայմանավորվել է
քննարկել «ռազմական բնույթի սկզբունքային հարցերը հեռախոսով կամ
անձնական հանդիպումների ժամանակ»: