ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԽՆԴՐԵԼ Է
ՔՆՆԱՐԿԵԼ ՄՅԱՍՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑԸ
29-07-2008 20:50:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 29-ին ՀՀ Մարդու
իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանձնարարությամբ
ստեղծված աշխատանքային խումբը այցելել է «Երեւան-Կենտրոն»
քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպում է ունեցել ՔԿՀ-ի պետին
եւ տեղեկացել Մյասնիկ Մալխասյանի առողջական վիճակի մասին: ՔԿՀ-ի
պետը հայտնել է, որ Մ.Մալխասյանի վատ ինքնազգացողության պատճառով
հրավիրվել է քրեակատարողական հիմնարկների բժշկական խորհրդատու
Խանամիրյանը, որը զննում անցկացնելուց հետո նշել է, որ կալանքի տակ
գտնվող ԱԺ պատգամավորի արյան մեջ շաքարի պարունակությունը
սահմանված նորմայից բարձր է:
Այնուհետեւ խմբի անդամները հանդիպել են Մ.Մալխասյանին, ով
հայտնել է, որ պարբերաբար ունենում է արյան ճնշման տատանումներ,
գլխացավեր, սրտխառնոցներ, ինչպես նաեւ մարսողության հետ կապված
խնդիրներ: Մ.Մալխասյանը հայտնել է, որ իր հարազատների հրավերով
«Արմենիա» բժշկական կենտրոնից իրեն է այցելել գլխավոր էնդոկրինոլոգ
Ա.Մանուկյանը, որը զննություն կատարելուց հետո խորհուրդ է տվել
հնարավորության դեպքում ստանալ ստացիոնար բուժում, ինչը հնարավոր
չի իրականացնել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի բուժսպասարկման
պայմաններում:
Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ
կապերի բաժնից, ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»
ՀՀ օրենսդրությամբ` Ա.Հարությունյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ
Աղվան Հովսեփյանին` խնդրելով քննարկել Մ.Մալխասյանի նկատմամբ
ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու կամ ստացիոնար բուժում
ստանալու հնարավորության հարցերը: