2008 Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՆՈՒՅՆ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ 20,5%-ՈՎ ԱՃԵԼ ԵՆ
05-06-2008 20:00:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-մարտին
Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների
հոսքերի ծավալը (առանց պետական կառավարման եւ բանկային համակարգով
ստացվածի) կազմել է 165 մլն 926 հազ. դոլար, ինչը 2007թ.-ի նույն
ժամանակահատվածի համեմատ աճել է 20,5%-ով:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի
առաջին եռամսյակում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 91 մլն
746,7 հազ. դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի
համեմատ աճել է 2,3%-ով:
2008թ.-ի հունվար-մարտին ուղղակի ներդրումների 29,4%-ը կամ 26
մլն 408,6 հազ. դոլարը կազմել են ՀՀ ոչ ռեզիդենտ
կազմակերպություններին ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների
սեփականաշնորհումից ստացված միջոցները: Առանց սեփականաշնորհման
միջոցների իրական հատվածում կատարված օտարերկրյա ընդհանուր
ներդրումների ծավալը 2007թ.-ի հունվար-մարտի համեմատ աճել է
49,1%-ով, իսկ ուղղակի ներդրումներինը` 45%-ով:
2008թ.-ի հունվար-մարտին իրական հատվածում կատարված
օտարերկրյա ներդրումների 42,7%-ը, իսկ ուղղակի ներդրումների
32,4%-ն ուղղվել են կապի ոլորտ: Ուղղակի ներդրումների 27,4%-ն
իրականացվել է էլեկտրաէներգիայի, գազի, տաք ջրի եւ գոլորշու
արտադրության ու բաշխման, իսկ 15,4%-ն` օդային տրանսպորտի
ոլորտներում: