«HSBC ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ<br /> ԿԵՆՏՐՈՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ<br />


«HSBC ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ
ԿԵՆՏՐՈՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ

  • 26-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «HSBC Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունը նախատեսում է առաջիկա օրերին Երեւանում գործարկվելիք իր Սպասարկման ազգային կենտրոնը դարձնել «HSBC»-ի գործառնական ծառայությունների մատուցման տարածաշրջանային կենտրոն: Այս մասին հայտնեց «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Իրինա Սեյլանյանը: Նրա խոսքերով, բանկի բաժնետերերը Երեւանում նման կենտրոնի ստեղծման նախադրյալ են համարել «HSBC Բանկ Հայաստան»-ի հաջողությունները, մարդկային ռեսուրսների որակը եւ Հայաստանի բարենպաստ բանկային օրենսդրությունը: Ի.Սեյլանյանի գնահատմամբ, նշված կենտրոնի արդյունավետ աշխատանքին կարող են խոչընդոտել Հայաստանի եւ այլ, մասնավորապես, ԱՊՀ երկրների բանկային օրենսդրությունների միջեւ առկա տարբերությունները: Խոսքն, առաջին հերթին, վերաբերում է, տեղեկատվության փոխանակման ապահովվածության կարգավորմանը: Կոնֆերանսին մասնակից ՀՀ վարչապետ Տիգրան Աարգսյանը պարզաբանեց, որ նշված հարցն առնչվում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ենթատեքստում տեղեկատվության փոխանակման կանոնների խստացմանը: Մյուս կողմից, հաճախորդները պահանջում են, որ իրենց ֆինանսների մասին տվյալները չհրապարկվեն: Ըստ վարչապետի, արաբական աշխարհի բանկերը ցանկանում են Լիբանանից տեղափոխվել Հայաստան` պայմանով, որ իրենց հաճախորդների մասին տեղեկատվությունը լինի պահպանված: Նշվեց, որ բանկերի հաճախորդների կողմից տեղեկատվության պահպանման նկատմամբ պահանջները պետք է դառնան բանկերի եւ ԿԲ-ի համատեղ քննարկումների առարկա: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին հավաստեց, որ «HSBC Բանկ Հայաստան»-ի նախաձեռնության իրականացման համար «մենք ապահովելու ենք քաղաքական եւ օրենսդրական աջակցություն: Ուղղակի մենք ձեզանից պետք է առաջարկություններ ստանանք, թե ինչպիսի օրենսդրական փոփոխություններ պետք է կատարենք կամ ինչպիսի պայմանագրեր պետք է կնքենք»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն