ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՐՈՊԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՆԵՐԿՐՎԻ 415 ԳԼՈՒԽ ԲԱՐՁՐ<br /> ԿԱԹՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՏՈՀՄԱՅԻՆ ԵՐԻՆՋ<br />


ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՐՈՊԱՅԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՆԵՐԿՐՎԻ 415 ԳԼՈՒԽ ԲԱՐՁՐ
ԿԱԹՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՏՈՀՄԱՅԻՆ ԵՐԻՆՋ

  • 21-05-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ պետբյուջեից հատկացված 500 մլն դրամով (մոտ 1,6 մլն ԱՄՆ դոլար) այս տարի Եվրոպայից Հայաստան կներկրվի ընդհանուր առմամբ «Սիմենտալ», «Հոլստին» եւ «Շվից» ցեղի բարձր կաթնատվությամբ 415 գլուխ տոհմային երինջ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը, մայիսի 8-ի դրությամբ արդեն Հայաստան է ներկրվել 258 գլուխ երինջ եւ տրամադրվել հանրապետության 4 անասնաբուծական խոշոր ֆերմերային տնտեսություններին: Նրա խոսքերով, հունիսին հանրապետություն կներկրվի երկրորդ` 157 գլխից բաղկացած խմբաքանակը: Ա.Հովհաննիսյանի խոսքերով, երինջները ֆերմերային տնտեսություններին կտրամադրվեն լիզինգով: Մասնավորապես, ֆերմերը պարտավորվում է կենդանու արժեքն ամբողջությամբ փոխտահուցել 4 տարվա ընթացքում` 10%-ը առաջին, 20%-ը երկրորդ, 30%-ը երրորդ, իսկ 40%-ը չորրորդ տարում: Վարչության պետը նշեց նաեւ, որ հանրապետության խոշոր ֆերմերները ցանկություն են հայտնել սեփական միջոցներով Հայաստան ներկրել եւս 136 գլուխ տոհմային երինջներ: Իսկ գուղնախարարությունը, ըստ Ա.Հովհաննիսյանի, նրանց աջակցելու է երինջներին տեղում ընտրելու եւ կենտրոնացված տեղափոխելու գործընթացում: Ա.Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ 2007թ. Հայաստան է ներկրվել 196 գլուխ երինջ, որոնց միջին կաթնատվությունը օրական կազմում է 23-25 կգ, ինչը 3 անգամ ավելի է հանրապետությունում բուծվող կովերի միջին կաթնատվությունից: Նշվեց նաեւ, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Տավարաբուծության զարգացման ծրագրով» նախատեսվում է մինչեւ 2015թ. երինջների ներկրման ծավալները տարեկան հասցնել 2000-ի:
Նոյյան տապան  -   Տնտեսություն