«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՆԵՅՉՈ ՎԵԼԻՉԿՈՎԸ<br />


«ԱՐՄԵՆՏԵԼ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՆԵՅՉՈ ՎԵԼԻՉԿՈՎԸ

  • 20-05-2008 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Վիմպելկոմ» ԲԲԸ-ն հայտարարեց Հայաստանի տարածքում Beeline ապրանքանշանի ներքո կապի ծառայություններ մատուցող դուստր ձեռնարկության` «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում Նեյչո Վելիչկովի նշանակելու մասին: «ԱրմենՏելը» մեր բիզնեսի կարեւոր բաղկացուցիչն է եւ որոշիչ տարր այլ երկրներում «Վիմպելկոմի» զարգացման ռազմավարության համար,- նշեց «Վիմպելկոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը: Ըստ նրա, Հայաստանում իրենք օժտված են կապի բոլոր տեսակների լիցենզիաներով, եւ գլխավոր տնօրեն փնտրելիս «հիմք է հանդիսացել Նեյչո Վելիչկովի բազմակողմանի, եւ որ գլխավորն է, հաջող մենեջերական փորձը»: «Վստահ եմ, որ նրա գիտելիքները կօգնեն ընկերությանը արդյունավետ իրագործելու առաջավոր հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ իր առջեւ ծառացած խնդիրները եւ նրա համար ապահովել առաջատար դիրքեր սպասարկման ոլորտում»,- նշեց Դ. Պլեսկոնոսը: Մեկնաբանելով իր նշանակումը, Նեյչո Վելիչկովը նշեց. «Այսօր մեր գլխավոր նպատակն է Հայաստանի տարածքում զարգացնել Beeline բրենդը, սկսել ծառայություններ 3-րդ սերնդի ցանցի բազայի վրա եւ կոնվերգենտային ծառայություններ, ինչպես նաեւ բարելավել կապի որակը եւ սպասարկման մակարդակը: Հաջողության հասնելով այդ ուղղություններում, մենք անպատճառ ժողովրդականություն կվայելենք Հայաստանի բնակիչների շրջանում եւ կդառնանք հանրապետության առաջատար սպասարկող ընկերությունը»: Նեյչո Վելիչկովը ծնվել է 1961 թվականի սեպտեմբերի 27-ին Սոֆիա քաղաքում (Բուլղարիա): Բարձրագույն կրթություն ստացել է Ռուսաստանում, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, որն ավարտել է 1990 թվականին: 2001 թվականին ստացել է MBA աստիճան ԱՄՆ-ի Սիեթլի համալսարանում, իսկ 2007 թվականին` մենեջմենտի եւ լիդերության դիպլոմ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Հեռահաղորդակցության ոլորտում աշխատում է 2000 թվականից: Եղել է կորպորատիվ վաճառքի պատասխանատուն Բուլղարիայի խոշորագույն GSM-օպերատոր MobilTel-ում, ինչպես նաեւ տնօրինել է ընկերության համալիր լուծումների վաճառքն ու մարկետինգը, որ համադրում են ֆիքսված, շարժական եւ IP հեռախոսակապի հնարավորությունները: Վերջին երեք տարիներին գլխավորել է Բուլղարիայի ֆիքսված կապի խոշորագույն օպերատոր «Բուլղարիայի հեռահաղորդակցական ընկերության» (ԲՀԸ) բիզնես-սեգմենտի մարկետինգը եւ վաճառքը, որտեղ մասնակցել է բուլղարական շուկայում շարժական կապի օպերատոր` ԲՀԸ դուստր ձեռնարկության ստեղծմանն ու առաջխաղացմանը: Հեռահաղորդակցային բիզնես Նեյչո Վելիչկովը եկել է սեփական ընկերությունից, որը խորհրդատվական ծառայություններ էր մատուցում Ռուսաստանում եւ Եվրոհամայնքի երկրներոմւ բիզնեսի հիմնման եւ զարգացման վերաբերյալ: Նեյչո Վելիչկովի նվաճումների թվում է կապի նոր ծառայությունների հաջող ներդրումը շուկայում (կոնվերգենտային ծառայություններ եւ լուծումներ, GSM Gateway, VoIP լուծումներ, GSM POS տերմինալներ, mobile VPN):
Նոյյան տապան  -   Տնտեսություն