ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՕԳՈՍՏՈՍԻ 10-15-ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ<br /> ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ<br />


ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ՕԳՈՍՏՈՍԻ 10-15-ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ

  • 06-05-2008 20:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի, Հայաստանի թատերական գործիչների եւ Ազգային թատերական ստեղծագործական միությունների նախաձեռնությամբ օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում կանցկացվի Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոն: Ինչպես մայիսի 6-ին մամլո ասուլիսում նշեց փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը, փառատոնը կանցկացվի 2 տարին 1 անգամ: Արդեն փառատոնի մասնակցության հայտ են ներկայացրել Իսպանիայի, Իտալիայի, Հունաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների մնջախաղի թատրոնները: Փառատոնին կմասնակցեն նաեւ հայաստանյան թատերական խմբերը, որոնք հանդես կգան այդ ժանրի ներկայացումներով: Թատերախմբերը 5 օրերի ընթացքում ցերեկային ժամերին Ծաղկաձորի փողոցներում, իսկ երեկոյան` փառատոնի բացօթյա բեմում կներկայացնեն իրենց արվեստը: Փառատոնը կբացվի տոնական մեծ շքերթով` թատրոնների, կրկեսային խմբերի, նվագախմբերի մասնակցությամբ: Փառատոնի շրջանակում Ծաղկաձորի փողոցները կվերածվեն ցուցահանդեսային, տիկնիկային եւ կրկեսային ներկայացումների հարթակների, խաղահրապարակների ու տոնավաճառների: Ժ. Դադասյանը նշեց նաեւ, որ ամեն երեկո կկազմակերպվեն վարպետության դասեր, ֆորումներ, քննարկումներ, ինչը, նրա կարծիքով, հնարավորություն կտա անմիջական շփում ստեղծել հանդիսատեսի եւ թատերախմբերի միջեւ: Կլինեն կենդանի երաժշտությամբ երեկույթ-համերգներ եւ պարահրապարակներ, ելույթ կունենան ֆոլկի, ջազի, բլյուզի, հիփ-հոփի, բրեյքդանսի եւ ռոքի հայ կատարողներ: Փառատոնի գործադիր տնօրենի խոսքով, փառատոնի հիմնական նպատակն է այս կերպ ստեղծել համագործակցություն միջազգային թատերական եւ մշակութային կազմակերպությունների հետ, անդամակցություն համաշխարհային թատերական գործընթացներին, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ եւ արտերկրի հանդիսատեսին հասանելի դարձնելը: Ժ.Դադասյանը կարծում է, որ Ծաղկաձորում կան անհրաժեշտ ռեսուրսներ, որոնք կարող են ապահովել մշակութային, ստեղծագործական աշխատանքի եւ հանգստի միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններ, եւ հետաքրքիր կլինի, որ այդ փոքր քաղաքում, որտեղ հիմնականում սպորտային միջոցառումներ են կազմակերպվում, ձեւավորվեն նաեւ մշակութային ավանդույթներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play