ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՆԱԿԱՆ<br /> ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ<br />


ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՈՆԱԿԱՆ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

  • 29-04-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում կանցկացվի կրոնական զբոսաշրջության առաջին միջազգային ցուցահանդեսը, որին նախատեսվում է նաեւ Հայաստանի մասնակցությունը: Այս մասին «ՆՏ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (ՄՄՀՀ) ծրագրի մրցունակության ավագ փորձագետ Ալան Սաֆերին: Նրա խոսքերով, ծրագիրը նախատեսում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կառավարման պետական կառույցներին որոշակի աջակցություն ցուցաբերել երկրի մասնակցությունն այդ ցուցահանդեսին պահովելու համար: «Դա հնարավորություն կտա գնահատել, թե արդյոք արժե՞ այդ ցուցահանդեսում խթանել հայկական կրոնական զբոսաշրջային արտադրանքը»,- նշեց Ա.Սաֆերին: Փորձագետի կարծիքով, պետք է զգուշավոր լինել, որպեսզի հայկական տուրփաթեթների տեսականին չափից ավելի արագ չբազմազանեցվի: Ներկայումս Հայաստանը զբոսաշրջության միջազգային շուկայում ավելի շատ ընկալվում է որպես կրոնական եւ պատմա-մշակութային զբոսաշրջության երկիր եւ բավականին ամուր դիրքեր ունի շուկայի այդ հատվածում: Ա.Սաֆերին գտնում է, որ եթե Հայաստանը սկսի առաջարկել տուրփաթեթների չափից ավելի մեծ տեսականի, ապա երկրի` որպես կրոնական եւ պատմա-մշակութային զբոսաշրջավայրի, ընկալումը կնվազի: Ըստ նրա, օտարերկացի զբոսաշրջիկների համար դժվար է պատկերաց, որ «փոքր Հայաստանը կարող է առաջարկել ամեն տեսակի զբոսաշրջային ապրանք»: Ա.Սաֆերիի կարծիքով, առայժմ ավելի շահեկան կլինի, որ հայկական տուրփաթեթեների կրոնական եւ պատմամշակութային զբոսաշրջության տեսակին զուգակցվեն զբոսաշրջության այլ տեսակներ: ՄՄՀՀ-ի զբոսաշրջային մարքեթինգի եւ հաղորդակցման խորհրդատու Նադյա Պասկուալի խոսքերով, Իտալիայից Հայաստան զբոսաշրջային այցելությունների փաթեթների տեսականու բազմազանեցման ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են: Եթե նախկինում Իտալիայում տուրօպերատորների կողմից հայկական տուրարտադրանքը խթանվում էր որպես կրոնական զբոսաշրջության ուղղություն, ապա ներկայումս նաեւ որպես պատմա-մշակութային զբոսաշրջության ուղղություն: Ըստ Ն.Պասկուալի, ներկայումս Հայաստանի տուրօպերատորների կողմից աշխատանքներ են տարվում նաեւ ալպինիստական, լեռնային զբոսանքների, հեծանվային, արկածային, գյուղական եւ էկոտուրիզմով հետաքրքրված զբոսաշրջիկների համար ուղեւորություններ կազմակերպելու ուղղությամբ, քանի որ այդ տուրերի պահանջարկը եւս կա: Նման փաթեթների խթանումը կմեծացնի այդ երթուղիներում ենթակառուցվածքների զարգացումը: Ն.Պասկուալի տվյալներով, հայկական տուրօպերատորներն արդեն իսկ ներդրումներ են կատարել համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, հանդերձանքով ապահովման եւ հատուկ զբոսավարների վերապատրաստման ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն