«DIGITEC BUSINESS» ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ՈՒՆԵՑԵԼ Է ՇՈՒՐՋ 1 000<br /> ԳՐԱՆՑՎԱԾ ԱՅՑԵԼՈՒ<br />


«DIGITEC BUSINESS» ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ՈՒՆԵՑԵԼ Է ՇՈՒՐՋ 1 000
ԳՐԱՆՑՎԱԾ ԱՅՑԵԼՈՒ

  • 02-07-2008 18:02:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում հունիսի 26-27-ին անցկացված «DigiTec Business» երկրորդ համաժողովն ունեցել է 1 000 գրանցված այցելու` սպասված 1 500-ի փոխարեն, եղել են նաեւ 200-ից ավելի ոչ գրանցված այցելուներ: Սակայն, համաժողովին տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների լուծումներ առաջարկող 17 ընկերությունների ներկայացուցիչների գնահատմամբ, համաժողովի արդյունքները գոհացուցիչ են, քանի որ այդ ընկերությունները կնքել են բազմաթիվ պայմանագրեր: Այս մասին հուլիսի 2-ի ասուլիսում հայտնեց Հայաստանի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նաեւ նշեց, որ համաժողովի շրջանակներում անցկացված կլոր սեղանները, գործարար ներկայացումները հաջող են անցել. այդ միջոցառումներին մասնակցել են տարբեր ոլորտների ընկերությունների 20-30 ներկայացուցիչներ: Կ.Վարդանյանը հավելեց, որ համաժողովի ժամանակ դրսեւորվել է ոչ ՏՀՏ ոլորտի ձեռնարկություններից այցելուների գործարար հաղորդակցման ցածր մակարդակ, երբ նրանց էական մասը իրենց ժամանակը վատնել են «ծանոթների հետ զրուցելու» համար: Նշվեց, որ այցելուների հետ գործարար երկխոսության խնդիրներ ունեն նաեւ ՏՀՏ ոլորտի ընկերությունները, եւ դրանք լուծելու նպատակով այս տարի ԻՏՁՄ-ն անցկացրել է մեկ դասընթաց, որը վարել է ԱՄՆ-ից հրավիրված փորձագետը: Այդ դասընթացների թիվը կավելանա, քանի որ, ըստ միության գործադիր տնօրենի, դրանք էապես բարձրացնում են ցուցահանդեսներին եւ գործարար համաժողովներին մասնակցության արդյուանվետությունը: Երկրորդ «DigiTec Business»-ի համակազմակերպիչներն էին Հայաստանի Բանկերի, Գործատուների միությունները եւ «Microsoft» ընկերության հայաստանյան մասնաճյուղ «Microsoft RA» ընկերությունը: Համաժողովի շրջանականերում կազմակերպված «ՏՀՏ-ն առօրյա բիզնեսում» կոնֆերանսի եւ «Microsoft ինովացիոն ֆորում»-ի ժամանակ անցկացվել են 15-ից ավելի բիզնես ներկայացումներ եւ զեկուցումներ, ինչպես նաեւ` դեղագործության, ֆինանսա-վարկային, առողջապահության, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, բիզնեսի եւ պետության փոխգործակցության ոլորտներում ՏՀՏ-ների ներդման եւ կիրառության թեմաներով կլոր սեղաններ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն