Արթուր Աբրահամը 100 հազար եվրո արժողությամբ մարզագույք նվիրաբերեց բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին<br />


Արթուր Աբրահամը 100 հազար եվրո արժողությամբ մարզագույք նվիրաբերեց բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին

  • 29-06-2011 14:43:17   | Հայաստան  |  Սպորտ
 Արթուր Աբրահամը 100 հազար եվրո արժողությամբ մարզագույք նվիրաբերեց հունիսի 29-ին Երեւանի Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին: Նվիրատվության մեջ կան պատանի բռնցքամարտիկների մարզումների համար անհրաժեշտ բոլոր պարագաները, մարզահագուստ, պայուսակներ, ձեռնոցներ եւ գլխարկներ: «Այս դպրոցում ես մարզվել եմ 1999թ.-ից, եւ այսօր ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել այն բանի համար, որ սովորել եմ այստեղ եւ լավ ընկերներ ու մարզիչներ եմ ձեռք բերել։ …Ես մեծ ցանկություն ունեի իմ դպրոցի համար որեւէ օգտակար բան անել»,- ասաց անվանի բռնցքամարտիկը, հույս հայտնելով, որ իր նվիրած մարզագույքը խթան կդառնա դպրոցի սաների զարգացման եւ մեծ հաջողությունների հասնելու համար: Մարզադպրոցի տնօրեն, ԽՍՀՄ չեմպիոն, Եվրոպայի եւ ԽՍՀՄ գավաթակիր, Հայաստանի վաստակավոր մարզիչ Սուրեն Ղազարյանը նշեց, որ դպրոցի նախկին սաները երբեք չեն մոռանում իրենց կրթօջախը: Օրինակ, 5 տարի առաջ դպրոցը ամբողջովին վերանորոգվեց Լեւոն Հայրապետյանի (ներկայումս` հաջողակ ռուսաստանցի ձեռներեց) աջակցությամբ։ Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան դպրոցը հիմնադրվել է 1959թ.-ին օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անմիջական աջակցությամբ: 2011թ.-ին դպրոցը կոչվել է նրա անունով:
Նոյյան տապան  -   Սպորտ