ԸՍՏ ՓՈՐՁԱԳԵՏԻ, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԿԼԻՆԻ ԲԱՐՁՐ ԳՆԱճ<br />


ԸՍՏ ՓՈՐՁԱԳԵՏԻ, ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԿԼԻՆԻ ԲԱՐՁՐ ԳՆԱճ

  • 22-05-2008 20:30:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանում գնաճի մակարդակն ամենաբարձրն է ԱՊՀ երկրների շարքում: Այս մասին մայիսի 22-ին Երեւանում Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի կողմից կազմակերպված «Կովկաս-2007» միջազգային կոնֆերանսում նշեց Բաքվի «3-րդ հայացք» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ռաուֆ Ռաջաբովը: Նա նշեց, որ 2007 թ. Ադրբեջանում գնաճը կազմել է 16,7%` ծրագրված 9%-ի դիմաց: Այս միտումը կշարունակվի եւս 2-3 տարի: Գնաճի նման բարձր մակարդակի պատճառներից մեկը, ըստ փորձագետի, կառավարության կողմից իրականացված «շոկային թերապիան էր», երբ մի քանի տարի նույն մակարդակի վրա մնալուց հետո գները անցած տարեսկզբին կտրուկ աճեցին: Մասնավորապես, բնակչության համար 300%-ով աճել են էլեկտրաէներգիայի, 320%-ով` ֆիքսված հեռախոսակապի, 50%-ով` վառելիքի գները: Փորձագետը նշեց նաեւ, որ 2007 թ. Ադրբեջանի ներմուծումը 420 մլն մանաթով (1 մանաթը մոտ 1,1 դոլար է) գերազանցել է արտահանումը, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ աճում է Ադրբեջանի կախվածությունը արտաքին շուկաներից: «Այսօր երկիրը ներմուծում է անհրաժեշտ սննդամթերքի կեսը: Ցավոք, մենք չենք նկատում, ինչպես ենք մսխում մեր նավթային եկամուտները», - նշեց Ռ.Ռաջաբովը: Ըստ փորձագետի, նավթադոլարները չեն ազդում գնաճի վրա, քանի որ հիմնականում մնում են արտասահմանյան բանկերում: Ըստ Ռ.Ռաջաբովի, Բաքուն դարձել է ԱՊՀ-ում ամենաթանկ քաղաքը: Երկրում պահպանվում է մենաշնորհների եւ կոռուպցիայի բարձր մակարդակ: Չնայած երկրի բնակչության եկամուտները անցած տարվա ընթացքում աճել են 35%-ով, բնակչության 20%-ը ապրում է աղքատության շեմից ներքեւ: Փորձագետի խոսքերով, 2001թ. համեմատ 2007թ. Ադրբեջանում ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով աճել է 5 անգամ, կամ 714,3 ԱՄն դոլարից մինչեւ 3474 դոլար: Սակայն անգամ պաշտոնատար անձինք խոստովանում են, որ ՀՆԱ-ի կառուցվածքը չի համապատասխանում զարգացած երկրների տնտեսությանը հատուկ կառոցվածքին, իսկ ազգային տնտեսության մեջ առաջատար դիրքերում է նավթագազային ոլորտը: Ռ.Ռաջաբովը նշեց, որ ընթացիկ տարում նավթի ադրյունահանումը կհասնի իր ամենաբարձր մակարդակին, այնուհետեւ նվազելու միտումով: Արդյունքում կնվազեն նաեւ արտասահմանյան ներդրումները եւ զուգահեռաբար կաճի պետական ներդրումների ծավալը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն